ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նամակը Հայ բժշկական համաշխարհային վարչության նախագահ Ջերրի Մանուկյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Namak.jpg)
ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԴՐ. ՋԵՐՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ դր. Մանուկյան,
2015 թվականը մեծ նշանակություն ունի համայն հայության համար, այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վստահ եմ, որ միասնաբար ենք պայքարելու արդարության վերականգնման համար, պայքարելու ենք Մեծ եղեռնի հանրահռչակման համար, որպեսզի այլևս երբեք և ոչ մի տեղ այն չկրկնվի: Տարբեր են պայքարի միջոցներն ու ձևերը, տարբեր են պայքարի ոլորտները, և յուրքանաչյուրս մեր գործունեության շրջանակներում պետք է անենք ամեն ինչ՝ ևս մեկ անգամ Հայոց ցեղասպանությունը հանրահռչակելու համար: Այս պայքարում կարևոր տեղ ու կշիռ ունի նաև հայ բժշիկը և բժշկությունը, քանզի առողջ լինելը նույնպես կարևոր պայման է ազգային հարատևության համար: Եվրոպական մի շարք երկրներում արդեն կազմակերպվել է խորհրդանշական արյան հանձնում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, առողջապահական ոլորտում հաջորդ քայլը կարող է լինել առողջության պահպանման միամսյակը:
2015 թվականի հուլիսի 2-4-ը Երևանում կայանալու է «Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը»: Առաջարկում ենք հունիսի 15-հուլիսի 15-ը կոչել «Առողջության միամսյակ», որի շրջանակներում համագումարի մասնակիցները իրենց մասնագիտության շրջանակներում կմատուցեն անվճար բժշկական ծառայություններ Հայաստանի մարզերում և Երևանում (2 օր և ավելին՝ ըստ նպատակահարմարության): Միամսյակը կիրականացվի ՀՀ սփյուռքի և առողջապահության նախարարությունների աջակցությամբ:
Խնդրում ենք տարածել բժիշկների, կառույցների շրջանում և միասնաբար իրականացնենք այս կարևոր շարժումը հայրենիքի համար:
Եկեք միասնական լինենք՝ հանուն ազգի առողջության:
Հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ