Գայանե Սիմոնյան-Տերյան. «Ես վերադարձա Իմ Տուն և չեմ զղջում…»

Տասնամյակների պատմություն ունեցող Հալեպի «Մեսրոպ Մաշտոց» մանկական երգչախումբը Սիրիայում սկսված պատերազմի պատճառով դադարեցրել էր իր գործունեությունը: Սակայն, հակառակ բոլոր դժվարությունների, 2014 թվականի սեպտեմբերից սկսեց փորձեր իրականացնել, իսկ արդեն դեկտեմբերի 21-ին և 22-ին կայացավ երգչախմբի համերգը:

Երգչախմբի վերածննդի, կայացած համերգի և այլ հարցերի շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը երգչախմբի խմբավար Գայանե Սիմոնյան-Տերյանի հետ:

Բայց մինչ այդ մի հաճելի անակնկալի մասին. Սփյուռքում հայկական մշակույթը տարածելու և պահպանելու, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գայանե Սիմոնյան-Տերյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

«Հայերն այսօրը» շնորհավորում է Գայանե Սիմոնյան-Տերյանին, ում համար պարգևատրման լուրը գեղեցիկ անակնկալ է լինելու, քանի որ նա այդ մասին  տեղեկանալու է մեր ընթերցողների հետ միաժամանակ:

– Տիկի´ն Գայանե, Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք` 20 տարի և ավելի սիրիահայ համայնքի փառքն եմ վայելել… Կցանկանայի, որ մի փոքր մանրամասնեք Ձեր այս խոսքերը:

– 1991 թվականի դեկտեմբերի 21-ից,  Բերիո Հայոց Թեմի Ուսումնական խորհրդի հրավերով, ժամանել եմ Հալեպ և այդ օրվանից ապրում եմ Հալեպում: Եվ 24 տարի է` մասնագիտական գործունեություն եմ ծավալում սիրիահայ համայնքում:

Այս անցած տարիներին Սիրիան և սիրիահայ համայնքը ապրում էր խաղաղ, ապահով, բարեկեցիկ և լիառատ   ապրելակերպով:

Սիրիայում իմ գործունեությունը սկսվեց Ուսումնական խորհրդի կազմակերպությամբ գործող մանկական  «Մեսրոպ Մաշտոց»  երգչախմբի հետ: Առաջին իսկ  տարվանից  համայնքն ինձ  ընդունեց   հարազատ և ջերմ  վերաբերմունքով: Հետագա տարիներին հիմնել և ղեկավարել եմ  այլ երգչախմբեր ևս: Տարեց-տարի   մասնագիտական, խմբավարական կրթությունը և տարիների փորձառությունը տվել է իր բարի պտուղները: Համայնքը միշտ սիրել և գնահատել է  ինձ: Դրանք  փառավոր և գեղեցիկ հիշողություններով լի օրեր  էին, տարիներ, որոնց այսօր որպես անցյալ ենք դիտում: Բայց ես լավատես եմ եղել և հավատում եմ, որ  դեռ կգան ավելի պայծառ և լուսավոր օրեր:

– Դուք որոշ ժամանակ գտնվում էիք Հայաստանում: Բայց անտեսելով դժվարությունները, որոնց պատճառով շատերը հեռանում են Հալեպից, Դուք որոշեցիք վերադառնալ: Ինչո՞ւ:

– Այո, ես ՎԵՐԱԴԱՐՁԱ… Գիտեք, ես ոչ թե վերադարձա, այլ պարզապես ունեցա հնարավորություն: Բացվեց երկար, հոգնեցուցիչ և դժվար ճանապարհորդության  այն ճանապարհը, այն միակը, որով հնարավոր էր, ի վերջո, հասնել Հալեպ: Հայաստանում շատերն ինձ չհասկացան, շատերն էլ ինձ չհասկացան այստեղ` Հալեպում: Բայց ի վերջո, ամեն մարդ ինքն է տնօրինում իր կյանքը և որոշումներ կայացնում` ճիշտ կամ սխալ: Ես  վերադարձա Իմ Տուն, այնտեղ, ուր ես  ապրում էի վերջին 20 տարիների ընթացքում: Եվ ես ՉԵՄ ԶՂՋՈՒՄ…

– Ինչպե՞ս, ի՞նչ ուժի շնորհիվ է Ձեզ հաջողվել մանուկներին «ստիպել» երգել, երբ շուրջբոլորն այդքան անկայուն վիճակ է:

– Այս  հարցի պատասխանը  հետևյալն է` երգի, կամքի, հավատքի, երաժշտության հզոր ներգործող ուժի, մասնագետ-խմբավարի կարողությունների, երգչախմբի աշխատանքները կազմակերպող հիանալի կառույցի, հմուտ դաշնակահարի, գեղեցիկ գործիքավորված նվագակցությունների, երգչախմբի հետ աշխատող հիանալի օգնական կազմի, տրամադրված փորձասրահի հարմարավետության և այն ջերմ, տաքուկ, հարազատ, անմիջական միջավայրի, որը մեզ շրջապատում էր այս 3 ամիսների ընթացքում: Եվ իհարկե, մեր նվիրված և լավատես ծնողների նվիրումի և զոհողության շնորհիվ:

Եվ չմոռանանք, որ անցած 3 տարիների ահռելի  հոգեկան տառապանքն ու դաժան հիշողությունները միայն ու միայն երաժշտության ուժով և այսպիսի մտերմիկ, հարազատ միջավայր ստեղծելով կարելի է հաղթահարել:

Իսկ շուրջ բոլորն անկայուն վիճակ էր, և մինչ օրս էլ դեռ անկայուն է, բայց, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է, և այս երեխաները մեղավոր չեն, որ  պատերազմը դաժան է: ԵՐԵԽԱՆԵՐԸ երազում էին երգելու մասին: Եվ իմ խորին համոզմամբ` բոլոր լավ աշխատանքներն էլ միշտ ստեղծվել և իրականության են վերածվել դժվար պայմաններում:

– Երկամյա ընդմիջումից հետո Հալեպի «Ս. Մեսրոպ Մաշտոց» երգչախումբը փայլուն ելույթ ունեցավ: Կցանկանայի, որ մի փոքր այդ համերգի մասին խոսեք:

– Այո, իսկապես լավ ելույթ էր: 2014  թվականի դեկտեմբերի 20-ին և 21-ին Հալեպի Գևորգ Եսայան սրահում ելույթ ունեցավ Բերիո Հայոց Թեմի Ազգային Վարչության ուսումնական խորհրդի կազմակերպությամբ գործող Ս. Մեսրոպ Մաշտոց   մանկական երգչախումբը:

Երգացանկը երկու բաժնից էր բաղկացած: Առաջին բաժինը սկսեցինք Կոմիտասի «Մանկան աղոթքով», որին հաջորդեցին բազմազան մանկական  երգեր, կոմիտասյան երգերի շարք, խաղաղությանը նվիրված, հայրենասիրական (հայերեն և արաբերեն) երգեր:

Իսկ  երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրել էինք  Նոր տարվան: Երեխաները հանդես եկան Սուրբ Ծննդյան և Նոր տարվա, Կաղանդի ուրախ, զվարթ և կայտառ երգերով:

Հանդիսատեսը շատ ջերմ էր, զգացվում էր, որ նրանք   կարոտել էին Ս. Մեսրոպ Մաշտոց երգչախմբի ելույթներն ու երեխաների ներկայությունը բեմի վրա: Բոլորս շատ ուրախ  էինք, այնպիսի զգացողություն  ունեինք, որ կարծես առաջին անգամ էինք բեմում:

Երեխաները հիմնականում նորեկներ էին, միայն 10 հոգի նախկին կազմից կային, ովքեր արդեն մի քիչ մեծացել էին և, ինչպես ասում են, այդպես Մեծավարի էլ եկան, տեր կանգնեցին իրենց խմբին, օգնեցին նորեկներին, փոքրիկներին, քանի որ նորակազմ խմբի հետ այսպիսի սեղմ ժամկետներում շատ դժվար է արագ լավ արդյունքի հասնել: Բայց թե´ նախկին անդամները, թե´ հատկապես նորեկ փոքրիկներն այնքան սիրով, նվիրված և կամքի մեծ ուժ դրսևորեցին, որ նույնիսկ չզգացինք, թե ինչպես անցան այդ 3 ամիսները, ինչպես մենք հայտնվեցինք համերգի նախաշեմին: Նրանք իրենց շատ հիանալի դրսևորեցին բեմի վրա համերգային  երկու  օրերին: Նրանք նաև մանկական համերգներ երգեցին հատուկ դպրոցների աշակերտների համար:

Այդ երկու օրը ՏՈՆ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ….

– Տիկի´ն Գայանե, կցանկանայի, որ երգչախմբի ապագա անելիքների մասին խոսեք:

– Ապագա անելիքների մասին այս պահին դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես նույնպես սպասում եմ Ուսումնական խորհրդի որոշմանը` կապված հետագա ընթացքի և երգչախմբի գործունեության հետ: Մեր հետագա անելիքների մասին կկարողանամ ավելի հստակ պատասխանել, երբ կստանամ Ուսումնական խորհրդի որոշումը:

– Եվ վերջում. Ձեր մաղթանքն ու ցանկությունները:

– Մաղթանքս հիմա մեկն է` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԹՈՂ ՄԻՇՏ ԼԻՆԻ ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ…

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել «Հայերն այսօր» պարբերականին, որ անդրադարձավ մեր երգչախմբի աշխատանքներին…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Գայանե Գայանե1 Գայանե2Գ.Սիմոնյան

Scroll Up