Հասմիկ Պողոսյանն Ավստրիայում ներկա է գտնվել վիեննաբնակ հայաստանցի կոմպոզիտոր Վիգեն Կզարթմյանի «Ծիրանի ծառ» երաժշտական նախագծին

Հունվարի 18-20-ը կայացավ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հունվարի 18-ին նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա գտնվեց Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ստեղծագործությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և ավստրիացի հանդիսատեսի կողմից ողջունելության արժանացավ:

Հունվարի 19-ի առավոտյան նախարար Պողոսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի Արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար, դոկտոր Յոզեֆ Օստերմայերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Նախարար Պողոսյանը և դաշնային նախարար Օստերմայերը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի և ավստրիական գործընկերոջ կողմից ի պատիվ Հասմիկ Պողոսյանի տրված պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվեց մշակույթի և արվեստի ոլորտներին առնչվող երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հունվարի 19-ի երեկոյան նախարար Պողոսյանը մասնակցեց Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում դեսպանության կողմից կազմակերպված հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի խորհրդարանի անդամներ, մշակութային կառույցների, Ավստրիայի արտաքին գերատեսչության, կառավարական այլ մարմինների, լրատվամիջոցների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով կարևորեց նույն օրը Ավստրիայի վարչապետարանում ստորագրված հայ-ավստրիական մշակութային համագործակցության հուշագիրը, ներկայացրեց մշակույթի ոլորտում երկու երկրների միջև ընթացող և նախանշվող գործակցության հանգրվանները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար Հասմիկ Պողոսյանը, ով այնուհետև նախարարության կողմից սահմանված «Գրանշան» 2013թ. առաջին մրցանակի դիպլոմը հանձնեց ավստրուհի Լիզա Շուլցին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հեղինակի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրեց նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը: Վիեննաբնակ հայաստանցի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրեց Կոմիտասին նվիրված իր «Ծիրանի ծառ» երաժշտական նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար:

Մշակույթ1 Մշակույթ2 Մշակույթ3

Scroll Up