Նյու Յորքում բացվել է հալեպահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի «Հայրենիքս» խորագրով ցուցահանդեսը
Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնի սրահում բացվել է հալեպահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի 26 լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է «Բերիո Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը:
«Հայրենիքս» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 16ը: Վանեսյանի լուսանկարների ցուցահանդեսն ընդգրկում է Հալեպ քաղաքի պատերազմական վիճակի ներկայացումը և զանազան պատկերներ, ինչպես նաև այսօրվա դրությամբ ավերված փողոցների տեսարաններ:
Ցուցահանդեսի յուրաքանչյուր լուսանկար ներկայացնում է Սիրիայի մղձավանջը, որը դրսևորում է լուսանկարչի ցավի արտացոլումը, յուրաքանչյուր լուսանկար վշտի, տառապանքի և հուզմունքի վկայություն է Հալեպի նկատմամբ:
Ցուցահանդեսին ՄԱԿում Սիրիայի մշտական ներակայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարիի կողքին ներկա էին շատ դեսպաններ ու
հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գիտնականներ, դասախոսներ, նաև արվեստագետներ և մշակութային գործիչներ:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ներկաներին են փոխանցել Հալեպի սահմռկեցուցիչ տեսարանները՝ մեծ հուզմունք պտաճառելով նրանց:
Սիրիական պատերազմի ընթացքում Հալեպը ամենաշատ տուժած քաղաքներից մեկն է: