Ֆրանսիական դպրոցի անձնակազմն արձագանքել է Մարսելում հայ տղայի սպանությանը

Կրթության ոլորտի հարցերով զբաղվող Educ’action 13 միությունն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանված հայ դեռահասի ընտանիքին և ընկերներին: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:

«Կամիլ-Ժուլիանի դպրոցում հույզերն այսօր շատ ուժեղ են աշակերտների, անձնակազմի շրջանում: Educ’action 13 միությունը միանում է նրանց զգացած ցնցմանը և ցավին և ներկայացնում է հաստատության անձնակազմի հայտարարությունը»,- գրված է հաղորդագրության մեջ, հաղորդում է Nouvelle d’Armenie-ն:

«Մենք խորապես ցնցված ենք, վշտացած և զարհուրած ողբերգության հետևանքով: Մեր առաջին մտքերն ընտանիքի և մերձավորների հետ են»,- ասված է դպրոցի անձնակազմի հայտարարությունում:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, 16-ամյա Միքայելը շատ սիրված և հարգված է եղել ինչպես ընկերների, այնպես էլ անձնակազմի շրջանում: Նրա դասընկերների նախաձեռնությամբ լռության մեկ րոպեով Կամիլ-Ժուլիանի ավագ դպրոցի ողջ համայանքը հարգել է նրա հիշատակը:

Ինչպես նշում է դպրոցի անձնակազմը, այս դեպքի բռնությունն աննախադեպ է և անընդունելի և, դժբախտաբար, այն վերաբերում է բռնության երևույթներին, որ արդեն նկատվել են Մարսելի տարբեր թաղամասերում՝ սոցիալական իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Մարսել քաղաքում երկուշաբթի՝ հունվարի 12-ին, ավագ դպրոցներից մեկի առջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրթօջախի հայազգի սան է սպանվել։ Նա սպանվել է երկաթյա ձողերով՝ դաժան հարձակման հետևանքով: Հարձակումն իրականացրել են նրա հետ ավելի վաղ վիճած հասակակից աղջկա եղբայրները:

Scroll Up