Վիրահայոց թեմը 442 եկեղեցիների վերադարձի պահանջ է ներկայացրել Վրաստանի կառավարությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Untitled-15.jpg)
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու առաջին անգամ Վրաստանի կառավարությանը ներկայացրել մինչեւ Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը: Վրաստանի կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին:
«Արմենպրես»ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ մինչ այդ թեմը Վրաստանի կառավարությանը ներկայացրել էր միայն գործող եկեղեցիների ցանկը:
«Այս ցուցակում ներառված են Վրաստանի հայկական բոլորը եկեղեցիները` գործող, խոնարհված, արդեն փլատակների վերածված եւ վրացականացված: Այս կերպ թեմը Վրաստանի կառավարությունից պահանջում է ետ վերադարձնել իրեն պատկանող սեփականությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս պետությունը Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն է: Եկեղեցիները քանդվում են, ավերվում: Ժամանակն իր ազդեցությունն է թողնում նրանց վրա, եւ եթե այդ կառույցների պահպանության համար միջոցառումներ չձեռնարկվեն` տարիներ անց այդ եկեղեցիները չեն լինի:
Անհրաժեշտ է հոգալ դրանց մասին, եւ թեմը պահանջում է այդ եկեղեցիների վերադարձ` դրանց մասին հոգ տանելու ցանկությունից դրդված», ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ Վրաստանի կառավարությունից ստացել են պատասխան, որ հարցով զբաղվում է Կրոնական հարցերով պետական գործակալությունը, եւ իրենք քննում են հարցի պատմական եւ իրավական դրույթները: «Հույս ունենք, որ հարցը կգտնի արդարացի լուծում, եւ թեմը կկարողանա տեր կանգնել այդ եկեղեցիներին», ասաց Սուսաննա Խաչատրյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մեկ տարվա ձգձգումներից հետոՎրաստանի կառավարությունը մասնակիորեն կատարել է դեռեւս նախորդ տարվա հունվարին կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի Վրաստանում գործող կրոնական բոլոր փոքրամասնությունները պետք է փոխհատուցում ստանան խորհրդային տարիներին կրած ճնշումների եւ արգելքների համար:
«Նախնական գումարը 4.5 միլիոն լարի էր, հետո` 3.5 միլիոն, վերջում այդ գումարը դարձավ 1.5 միլիոն: Գումարը բաշխվեց կրոնական մի քանի համայնքների միջեւ եւ Վիրահայոց թեմին հասել է 300.000 վրացական լարի», ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ այդ գումարը կծախսվի թեմի կարիքները հոգալու համար: