Մարսելում սպանված հայ աշակերտի անունն է Միշել Ասատրյան

Արդեն հայտնի են Մարսելում սպանված հայ աշակերտի անունը եւ միջադեպի մանրամասները: «Nouvelles d’Arménie»-ն գրում է, որ սպանվածի անունն էր Միշել (Միշա), ազգանունը՝ Ասատրյան: Նա 16 տարեկան էր, սովորում էր Մարսելի Կամիլ Ժյուլյանի անվան մասնագիտական լիցեյում, ուներ բարի համբավ: Այս մասին հայտնումէ   NEWS.am-ը:

Ըստ թերթի՝ հայ երիտասարդը սպանվել է դաժան հարձակման հետեւանքով. Նրան երկաթյա ձողերով ծեծել են այն աղջկա եղբայրները, որի հետ ավելի վաղ նա վիճել էր չնչին թեմայով՝ վերջինիս ընկերուհիներից մեկի հետ կապված: Ականատեսները պատմել են նաեւ դանակի հարվածների մասին:

Հաղորդվում է, որ Ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ֆուտբոլային խաղի ընթացքում երիտասարդի եւ նրա տարեկցուհու միջեւ վեճ է ծագել: Վերջինս, ով նախկինում մի քանի այլ միջադեպերում էր աչքի ընկել, սպառնացել է բողոքել իր ընտանիքի անդամներին, որոնք հունվարի 12-ին նրան սպասում էին դպրոցի մուտքի մոտ: Ոստիկանությունը աղջկան ձերբակալել է տանը:

Ողբերգությունից հետո Միշելի հոր առողջական վիճակը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել: Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն հայտարարել է, որ ողբերգությունը սարսափեցրել է իրեն, եւ ինքը ուշի ուշով հետեւելու է գործի ընթացքին:

Տղային հրաժեշտ տալու եւ ընտանիքին զորակցություն հայտնելու համար կոչ էր տարածվել հունվարի 13-ին Մարսելի  Պրադոյի պողոտայում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքվելու մասին:

 NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը կատարվել էր պարապմունքներից հետո: Հայ պատանուն լիցեյի մուտքի մոտ սպանել էին դպրոցականները:

Scroll Up