Թուրքիան ու Ադրբեջանը համատեղելու են ջանքերը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տարեկան հաշվետու մամուլի ասուլիսին, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և թուրք-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող հարցերին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» կայքի` Մամեդյարովը նշել է, որ Բաքվի օրակարգում չկա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Նախարարը ակնկալիք է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, իսկ ԱՄՆ-ն էլ ջանքեր կներդնի Ղարաբաղի հարցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվելու համար: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին առաջարկվել է մաս կազմել եվրասիական տնտեսական միությանը, Մամեդյարովը պատասխանել է, թե Ղարաբաղի հարցն իրենց համար երբեք սակարկության առարկա չի կարող լինել: Իսկ Թուրքիայի հետ գործակցության մասով նախարարը հավաստիացրել է, թե շարունակելու են համատեղ պայքարել ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանն ուղղված հայերի գործողությունների դեմ:

«Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունները և դիվանագիտական համապատասխան ներկայացուցչությունները համատեղ աշխատանքներ են տանում հայերի ստերի մերկացնելու և իրական փաստարկված պատմության վեր հանելու համար»,- ասել է Մամեդյարովը:

Նա  հիշեցրել է, որ վերոնշյալ խնդիրը կարևորել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները սեպտեմբերին Բաքվում տված համատեղ ասուլիսի ժամանակ:

Scroll Up