ՀՀ նախագահական պալատը հյուրընկալել էր սահմանամերձ գյուղերի և սիրիահայ ընտանիքների փոքրիկներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում դեկտեմբերի 24-ին հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի երեխաներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները: Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Տոնական միջոցառումները երեխաների համար Նախագահի նստավայրում կշարունակվեն նաև դեկտեմբերի 25-ին. Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաներ:

01 02 03 04

Scroll Up