Ավստրալիայի 13 գրադարաններ կկազմակերպեն Ջեֆրի Ռոբերթսոնի Հայոց ցեղասպանության մասին գրքի ցուցահանդեսվաճառքը

Ավստրալիայի հայկական երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ մի քանի շաբաթ շարունակ երկրի երկու խոշոր քաղաքների` Սիդնեյի եւ Մելբուռնի 13 գրադարաններում կցուցադրվի եւ նաեւ վաճառքի կհանվի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթոսնի «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանություն» գիրքը:
«Արմենպրես»ի փոխանցմամբ` Ավստրալիայի հայ երիտասարդները համացանցում, զանգերի միջոցով Ավստրալիայի քաղաքացիներին տեղեկացնում են գրքի մասին` խորհուրդ տալով այն կարդալ եւ իրենց հետ միասին ստիպել երկրի իշխանություններին փոխել տեսակետը Հայոց Ցեղասպանության մասին: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ:
Առաջին անգամ Ռոբերթսոնի գիրքը հրատարակվել է 2009թ.: Գրքում մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային իրավունքի մասնագետը շետում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պատմության ամենաերկար ձգվող գործընթացներից մեկն է, եւ ժամանակն է, որ աշխարհն ավարտի այդ գործընթացը:
«Պատմաբաններն իրենց գործն արդեն արել են, եկել է դատավորների ժամանակը, ովքեր արժանի պատիժ ու փոխհատուցում կպահանջեն Ցեղասպանության համար: Դա այլեւս պատմաբանների ուսումնասիրության նյութը չէ, այսուհետ Ցեղասպանությունը դատավորների գործը պետք է լինի», գրքում գրել է նա:
2008 թվականին հայտնի իրավապաշտպանը կազմել է անկախ եզրակացություններ Հայոց Ցեղասպանության մասին: Նա հետազոտել է անգլիական գաղտնի արխիվները եւ հանգել հետեւյալ եզրակացությանը. «Կասկած չկա, որ 1915ին Օսմանյան կառավարությունը պատվիրել է Անատոլիայից եւ մյուս մարզերից 2 միլիոն հայերի աքսորը դեպի Սիրիա, եւ հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են հիվանդություններից, սովից եւ զինված հարձակումներից»:
Ռոբերթսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նա նաեւ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է: Ռոբերթսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը: