««Ավազե ամրոցի աղջիկները» կդառնա մեր «Շինդլերի ցուցակը»»․ Քրիս Բոհջալյան

«Հայրս 100 տոկոսանոց հայ էր,մայրս՝ շվեդուհի, ով շատ լավ տիրապետում էր հայկական խոհանոցին։ Հանգստյան օրերին ծնողներս ինձ տանում էին տատիկ, պապիկիս տուն։ Ես այնտեղ դառնում էի հայկական միջավայրի մի մասը և հայկականության կրողը»,- դեկտեմբերի 14-ին, հանդիպելով Մոսկվայի «Հայորդյաց տան» սաների հետ, ասաց ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը, ում «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը 2012թ․ բեսթսելլեր էր և մինչ օրս շարունակում է մնալ տարբեր լեզուներով թարգմանվող և պահանջարկ ունեցող գրքերի ցուցակում։

«Ավազե ամրոցի աղջիկները» գրքում ընթերցողը ծանոթանում է նաև Քրիս Բոհջալյանի կյանքի որոշ դրվագների։ Դրանք սկսվում են շվեդուհի մոր կողմից իրեն կարմիր կիսավարտիք հագցնելուց և հասնում հոր՝ փոքրիկ Քրիսին երգելուց տեսնելու ցանկությանը։Գիրքը յուրօրինակ տոհմագրություն կարելի է համարել, որտեղ Հայոց Ցեղասպանության թեման հնարավորինս մատչելի և փաստացի ներկայացվել է օտար ընթերցողին։ Այն ընթերցողին, ով նվազագույն պատկերացում անգամ չունի վեպի հերոսների բնակավայրերի՝ Երևանի և Հալեպի գոյության մասին, սակայն անտարբեր չի մնում երևանցի Արմեն Պետրոսյանի (ում նախատիպը եղել է շախմատի՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը) և հալեպցի Ելիզավետայի սիրո պատմությանը։

Եվ պատահական չէ, որ ազգային ցավը նկարագրող գրքի հեղինակի համար կրթօջախի «Ովսաննա» երգչախումբը/գեղ․ ղեկավար Լենա Բեգլարյան/ կատարեց «Գարունդ հայերեն է գալիս» երգը, որից հետո Քրիս Բոհջալյանը կես կատակ կես լուրջ նշեց, որ երեխաներից հետո ոչինչ պետք չէ ասել, սակայն հանդիսատեսը դեռ պետք է ծանոթանար գրքում տեղ գտած նկարներին։ Դրանք ներառում էին՝ հեղինակի նախնիների, այդ թվում՝ թուրքական բանակին նժույգներ տրամադրած, ապա՝ ջարդերի ժամանակ սպանված պապու, ընտանեկան պարագաների, հոր, զոհերից մնացած կենդանի վկայությունների,ներկայիս Երևանի լուսանկարները և ավարտվում Արարատի նկարով։ Լուսանկարն արել էր հեղինակը՝ Զվարթնոց օդանավակայանում։

«Արարատի հետ առաջին «հանդիպումս» եղավ օդանավակայանից։ Երբ ամպերը քաշվեցին, ես տեսա այս Արարատը և հոնգուր-հոնգուր սկսեցի լաց լինել։ Ես հեշտ լացողներից չեմ, կարող եք կնոջս հարցնել․ նա ևս հայ է»,- ցուցադրելով նկարը՝ հումորով և ժպիտով նշում է Քրիս Բոհջալյանը։

Զրույցն առավել քան անկեղծ և հետաքրքիր էր, իսկ հարցերը հիմնականում վերաբերում էին գրքին՝ թուրքական կողմի արձագանքին, 2015թ․ գրքի հիման վրա նկարահանվելիք ֆիլմին։ Իսկ այն հարցին, թե ինչպիսին կլինի ֆիլմը և որքան է հավանականությունը, որ այն նույն հաջողությունը կունենա ինչ գիրքը՝ Քրիս Բոհջալյանը պատասխանեց․ «Երբ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքն արդեն պատրաստ էր՝ ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց հրաժարվել տպագրության մտքից՝ ասելով, թե այն հաջողություն չի ունենա։ Սակայն, ինչպես տեսանք, իմ ընկերը սխալվեց, ես հաջողեցի։ Ձեզանից քանի՞սն են կարդացել «Շինդլերի ցուցակը» և քանիսն են տեսել ֆիլմը։ Տեսնում եք՝ ֆիլմի լսարանն ավելի մեծ է, և ես համոզված եմ՝ «Ավազե ամրոցի աղջիկները» կդառնա մեր «Շինդլերի ցուցակը»»։

Հանդիպմանավարտին «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը հեղինակին նվիրեց կրթօջախի տարբերանշանը և հայկական մանրանկարները ներկայացնող գիրք, որը Քրիս Բոհջալյանին մտովի կտեղափոխի մանկություն՝ մասնակից դարձնելով հայ ընտանիքի ջերմ և անմոռանալի զրույցներին։

Հ․ Գ․ Քրիս Բոհջալյանին «Հայորդյաց տան» սաներին ներկայացրեց Վահե Ավանեսյանը, իսկ թարգմանության հարցում աջակցեց կրթօջախի ուսուցիչ Աշոտ Ավետիսյանը։

 Արմինե Կարեյան, Մոսկվա

01 02 03 04

Scroll Up