Կայացավ Լենա Բեգլարյանի հեղինակային երգերի երկրորդ երեկոն

Մոսկվաբնակ հայ հանդիսատեսը Ժուռնալիստների տանը Մոսկվայի «Հայորդյաց տան» «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի հեղինակային երգերը վայելելու հնարավորություն ունեցավ։ Լենա Բեգլարյանին հայաստանյան հանդիսատեսը ծանոթ է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնից, որտեղ «Ովսաննայի» այցեքարտը եղել է Հ․ Սահյանի համանուն բանաստեղծության հիման վրա գրված «Գարունդ հայերեն է գալիս» անզուգական երգը։ Եվ պատահական չէ, որ երաժիշտ-երգահանի հեղինակային երգերի երկրորդ երեկոն բացվեց հենց այդ երգով, իսկ հեղինակային երգերի առաջին երեկոն կայացել էր երեք տարի առաջ, հեղինակի մայրիկի կենդանության օրոք և նվիրվել էր նրան։

Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսն առաջին իսկ վայրկյաններից ընկղմվեց երաժշտության գիրկը՝  վայելելով յուրաքանչյուր հնչյունը։ Ավելի քան երկու ժամ տևած համերգում հնչեց Լենա Բեգլարյանի հեղինակային 24 երգ, որոնց մի մասը գրված էր դասականների բանաստեղծությունների հիման վրա։

Համերգին ներկա էին նաև «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանը, տնօրեն Հմայակ Գևորգյանը, հանրակրթական № 285 դպրոցի տնօրեն Տատյանա Շմիդտը, որտեղ Լենա Բեգլայանը ևս դասավանդում է, «Հայորդյաց տան» ուսուցչական անձնակազմը, սաները։

Հատկանշական է, որ երեկոյի կազմակերպման հարցում իրենց ակտիվ մասնակցությունն էին ունեցել «Նորահրաշ» երգչախմբի աղջիկները։ Հմայակ Գևորգյանը, համերգային ծրագրի ավարտից հետո դիմելով ներկաներին, կարևոր և ողջունելի քայլ համարեց «Նորահրաշի» աղջիկների այս նախաձեռնությունը, իսկ Լենա Բեգլարյանի՝ «Հայորդյաց տանը» հայտնվելը «օրհնված վայրկյան» անվանեց։ Որքան զարմանալի, նույնքան էլ հաճելի էր հայերենին չտիրապետող Տատյանա Շմիդտի կողմից տիկին Բեգլարյանի մուտքն իրենց դպրոց կրկին «օրհնված վայրկյան» անվանելը։ Գործընկերների՝ իրարից անկախ Լենա Բեգլարյանի մուտքին տրված նման գնահատականները խոսում են տիկին Բեգլարյանի տաղանդի և անձնվեր աշխատանքի մասին։ Ինչպես համերգից հետո մեզ հետ զրույցում «Հայորդյաց տան» ուսուցիչներից Սիլվա Գյուլիշյանը նշեց՝ պարզապես անհնար էր չնկատել սաների ոգևորությունն ու նվիրումը տիկին Բեգլարյանին․ «Նրանցից յուրաքանչյուրը լցրել էր բեմը իր գեղեցկությամբ և անկրկնելի ձայնով։ Սաների՝ հայ երգին ու երաժշտությանը նվիրվածությունը խոսում է Լենա Բեգլարյանի կատարած աշխատանքի ահռելիության մասին»։

Լենա Բեգլարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ում օրհնությամբ հնարավոր է եղել հիմնել «Հայորդյաց տան» «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը։

Համերգի ավարտին Տեր Առաքել քահանա Ամիրյանը, դիմելով ներկաներին, ասաց․ «Լենա Բեգլարյանը պատասխանատու և պարտավորեցնող քայլ է կատարել՝ երգի վերածելով մեր դասականների սիրված ստեղծագործությունները։ Որքան քայլը պատասխանատու է, կրկնակի անգամ դրանք ստացված են և, արդեն այսօր կարելի է ասել, որ կդիմակայեն ժամանակի փորձությանը։ Տիկին Բեգլարյան, թող Աստված օրհնի Ձեզ և այս երեխաներին, որպեսզի այսօրվա պես՝ Ձեր ստեղծագոծությունները վայելելու հնարավորություն ունենանք ոչ միայն մենք, այլև գալիք սերունդները, ոչ միայն հայ, այլև ռուս հանդիսատեսը, քանի որ այսօր դուք այստեղ ներկաներին երգի լեզվով պատմեցիք հայի և հայկականության մասին և նրանք այստեղից կհեռանան հայ երաժշտությամբ լցված և ոգևորված»։

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6)

Scroll Up