Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում
Դեկտեմբերի 12-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված վավերագրական նյութերի ցուցահանդես: Այն կազմակերպել էր «Հայարտուն» կենտրոնը՝ ՀՀ Ազգային արխիվի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ազգային արխիվի աշխատակիցները, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից:
Այցելուների ուշադրությանն էին ներկայացված Անդրկովկասում առաջին միջնակարգ ուսումնական հաստատության մեկդարյա գործունեության մասին պատմող նամակներ, հրամանագրեր, արձանագրություններ, լուսանկարներ, որոնք այս ուսումնական հաստատության հիրավի մեծ լինելու և ազգի կրթության գործում ունեցած անկրկելի դերակատարության վկայություն են:
Բացելով ցուցահանդեսը՝ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը այցելուներին իրազեկեց Ներսիսյան դպրոցի պահպանված շենքում «Հայարտան» մի խումբ աշխատակիցների օրերս կատարած նկարահանումների մասին, և ափսոսանքով նշեց, որ շենքն այսօր կիսավերանորոգված մասնավոր սեփականություն է:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքը այն ժամանակի Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Ներսես Աշտարակեցու համառջանքերով հիմնադրված Ներսիսյանդպրոցի մասին:
Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ պատմաբան Ենոք Թադևոսյանը կարևորեց հայ ժողովրդի օրհասական պահերին այս կրթական հիմնարկի կատարած բարեգործությունները:
Հուզիչ էր բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ելույթը, որը հեղինակն ավարտեց պատմական ուսումնարանին ձոնած իր բանաստեղծության ընթերցմամբ:
Իր օրհնության և գնահատանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց ՀՀ ազգային արխիվի հետ կենտրոնի համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց ներկայացրած ցուցանմուշները «Հայարտուն» կենտրոնին նվիրելու համար: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ Սփյուռքում հայապահպանության գրավականներից մեկը ազգային բարձրարժեք դպրոց ունենալն է, որի ստեղծման գաղափարը պետք է դառնա իրականություն:
ՀՀ Ազգային արխիվի բաժնի վարիչ Գոհար Ավագյանը ներկաներին բացատրեց ցուցադրված վավերագրական նյութերի բովանդակությունն ու նշանակությունը:
Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկետեմբերի 27-ը: