Համահայկական մրցանակաբաշխությանն ընդառաջ

Արդեն 5-րդ տարին է ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ իրականացնում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

«Սփյուռքի նախարարության 2014 թվականի ծրագրերին բավականին մեծ թվով սփյուռքահայերի մասնակցության պատճառով ստիպված եղանք նախնական ժամկետից մոտ երկու ամիս հետաձգել «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության հայտերի ընդունման ժամկետները»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերը հետևյալն են՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա կրթօջախ», «Լավագույն լրատվամիջոց», «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք»  խորագրով  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  «Հիշենք անցյալը` ապագան կառուցելու համար» թեմայով շարադրությունների, մանկական ստեղծագործությունների մրցույթը:

Վերջինիս ժամկետը ավելի հետաձգված է: Ինչպես նշեց տիկին Համբարյանը, հայտերը կամփոփվեն 2015 թվականի մարտին, իսկ ապրլի 24-ի նախօրեին կհայտարարվեն արդյունքները: Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստող կազմակերպությունների, առանձին անհատների ունեցած ներդրումը, համայնքների գործնեությունը հավուր պատշաճի գնահատելն ու արժևորելն է:

«Որպես կանոն մրցանակաբաշխությունը տարեցտարի բավականին հետաքրքիր ծրագիր է դառնում: Խրախուսվում են Սփյուռքի բոլոր այն կառույցները, կրթամշակութային հաստատությունները, ուսուցիչները, կրթական գործի կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները, հոգևոր, ազգային, հասարակական կազմակերպությունները, գործարարները, բոլոր նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Սփյուռքում, լեզվամշակութային տարբեր միջավայրերում, տարբեր օրենսդրական դաշտում, հայեցի կրթության ու դաստիարակության գործը կազմակերպելու: Չէ՞ որ ոչ բոլոր երկրներն են, որոնք սիրահոժար համաձայնվում են օտար դպրոցների գոյությանը: Մրցանակաբաշխությունը Սփյուռքի նախարարության խրախուսման հիմնական միջոցներից մեկն է, յուրատեսակ խթան՝ հայապահպանության գործին նվիրված մարդկանց խրախուսելու համար, ովքեր հայրենիքից հեռու սերունդներ են կրթում, ազգային ինքնության օրեցօր թուլացող միջավայրում, որտեղ մշտական հաղորդակցության միջոցն օտար լեզուն է»,-նշեց Սիրվարդ Համբարյանը:

Այս պահի դրությամբ 7-8 երկերից մոտ 50 հայտ է ստացվել: Տիկին Համբարյանի խոսքով իրենք սպասում են նոր հայտերի, տարածաշրջանները սկսել են լուրջ աշխատանք տանել, տեղեկատվական փաթեթներ են ուղարկվել կրթօջախներ, կազմակերպություններ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հորդորով:

«Վերջերս Կրասնոդարից մի հայտադիմում էինք ստացել: Հոգիդ ուրախանում է, երբ տեսնում ես, թե տղամարդ ուսուցիչն ինչպես է աշխատում հայկական դպրոցում: Երբ ծանոթանում ես նրա աշխատելաոճին, մշակած ծրագրերին, քեզ համար պարզ է դառնում մարդու կատարած աշխատանքը, ստեղծագործական մետեցումը, նրա հայրենասիրությունը, ազգասիրությունը, դրսում հային հայ պահելու մեծ կարողությունը»-իր խոսքը եզրափակեց Սիրվարդ Համբարյանը:

Scroll Up