«Հայորդյաց տան» սաները «Ազգային մշակույթի փառատոնից» վերադարձան դափնեկրի կոչմամբ
Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում կայացավ «Ազգային մշակույթի փառատոնի» եզրափակիչ համերգը։ Փառատոնին մասնակցում էին մոսկվաբնակ տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան օտար հանդիսատեսին ներկայացնել իրենց ազգային մշակույթը։ Փառատոնում հայկական մշակույթը ներկայացրին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Իսկուհի Կարապետյանի ղեկավարած քանոնի դասարանի սանուհի Անժելիկա Թարվերդյանը, Արմեն Ստեփանյանի ղեկավարած դուդուկի դասարանի սաները՝ Դավիթ Հակոբյանն ուԴմիտրի Սարգսյանը, և Հայկազ Բաղրամյանի դհոլի դասարանի սան Էմիլ Խինոյանը․ վերջինս՝ դաշնակահարուհի Արուսյակ Պապիկյանի հետ նվագակցում էր Անժելիկա Թարվերդյանին։
Անժելիկա Թարվերդյանը, Դավիթ Հակոբյանըև Դմիտրի Սարգսյանն արժանացան «Ազգային մշակույթի փառատոնի» դափնեկրի կոչման, Էմիլ Խինոյանը ստացավ մասնակցության դիպլոմ։
«Ազգային մշակույթի փառատոնի» մասնակիցների առավելագույն տարիքային շեմը 18-ն էր, իսկ գալա-համերգին ելույթ ունենալու հնարավորություն ընձեռվել էր ասմունքող, երգող, նվագող և պարող լավագույն մասնակիցներին միայն։
«Նմանատիպ փառատոների ընթացքում հնարավորություն է ընձեռվում միաժամանակ ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին։ Միևնույն ժամանակ օտարներն են հետաքրքրվում մեր մշակույթով։ «Ազգային մշակույթի փառատոնի» ընթացքում անընդհատ մոտենում էին մեզ և հարցնում, թե որտեղից ենք, ինչ գործիքով ենք նվագում։ Պետք է նշեմ, որ Անժելիկայի ելույթը բավական բարձր գնահատվեց ներկաների կողմից․ շատերը ելույթից հետո ցանկանում էին նկարվել մեզ հետ»,- վստահեցրեց Իսկուհի Կարապետյանը։
Չնայած իրենց տարիքներին, «Հայորդյաց տան» սաները պատվով և բարձր մակարդակով ներկայացրին հայկական մշակույթը՝ ներկաներին ստիպելով փառատոնից հետո ևս ուսումնասիրել հայկական երգն ու երաժշտությունը։
Արմինե Կարեյան, Մոսկվա