Yahoo Travel-ը խորհուրդ է տվել օգտատերերին հանգիստն անցկացնել Լեռնային Ղարաբաղում

Yahoo Travel պորտալը խորհուրդ է տվել մարդկանց է՛լ ավելի հետաքրքիր դարձնել ճամփորդությունը: Հոդվածագիրն առաջարկում է մարդկանց պատմել այն երկրներ կատարած այցերի մասին, որոնք, ՄԱԿ-ի համաձայն, գոյություն չունեն: ՄԱԿ-ը ճանաչում է 193 անդամ երկիր, որոնց թվին չեն պատկանում Սոմալիլենդը, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ներկայացնելուց հետո, թե ինչ հանգամանքներում է Լեռնային Ղարաբաղը նվաճել իր անկախությունը, հոդվածագիրը բացատրում է, թե ինչու պետք է այցելել Ղարաբաղ:

Ինչպես նշում է հոդվածագիրը, Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր լեռնային գեղեցկությամբ և մշակութային հարստությամբ: Նա այնուհետև հիշատակում է ողջ երկրով մեկ գոյություն ունեցող հնագույն վանքերի ու եկեղեցիների, ինչպես նաև մարդկանց հյուրընկալության մասին:

Նա խորհուրդ է տալիս չզարմանալ ղարաբաղյան գյուղերից մեկում ընտանեկան ճաշի սեղանի շուրջ հայտնվելիս օղու բազմաթիվ կենացներով: Հոդվածագիրը խորհուրդ է տալիս նաև զբոսնել Ղարաբաղի հայտնի ճանապարհով, որը հատում է երկիրը, ինչպես նաև քայլել Շուշիի փողոցներով և բաց չթողնել Գանձասար վանքն ու Դադիվանք համալիրը:

Հոդվածում նաև ներկայացվում է, թե ինչպես է հնարավոր հասնել Ղարաբաղ, ինչպես նաև՝ այնտեղ գոյություն ունեցող վտանգները: Ադրբեջանի նախագահը բազմիցս սպառնացել է գրավել Լեռնային Ղարաբաղը, գրված է հոդվածում, որտեղ նաև խորհուրդ է տրվում հեռու մնալ երկու երկրների միջև սահմանից:

Scroll Up