Արցախում ամուսնությունների և ծնունդների թիվը նկատելիորեն աճում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/ամուսնություն.jpg)
Արցախում ծնունդների թիվն աճել է, մահվան դեպքերը՝ պակասել: Բացի դրանից, եկողները մեկնողներից ավելի շատ են:
2008 թվականի հանրահայտ “Մեծ հարսանիքից” հետո Լեռնային Ղարաբաղում կրկին ամուսնությունների թվի աննախադեպ աճ է արձանագրվել: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի տարածքային բաժնի պետն արձանագրում է՝ հունվար-հունիսին 507 ամուսնություն է գրանցվել, նախորդ տարվա 307-ի դիմաց: Աճի այդ միտումն ընդհանուր է ողջ Արցախի համար:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված ամուսնությունների թիվը 2013 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է ավելի քան 60 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայությունում արդեն ամփոփել են ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների հաշվարկով:
2014 թվականի հունավար-հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 2103 ծնունդ եւ 1104 մահ: Բնական հավելաճը դրական է: Կազմում է 999 մարդ: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ ծնունդներն ավելացել, իսկ մահվան դեպքերը նվազել են: Հանրապետությունից մեկնողների եւ հանրապետություն ժամանողների մասին տվյալները վիճակագիրները ոստիկանությունից են ստանում: Եկողների թիվն` աճել, մեկնողների թիվը նվազել է:
Այն, ինչն անփոփոխ է, արցախցիների նախասիրությունն է նորածիններին տրվող անունների հարցում: Լավագույն տասնյակում էական փոփոխություններ չկան: 2014 թվականին ծնված տղաներին ամենաշատն անվանակոչել են Դավիթ, Տիգրան, Նարեկ եւ Գոռ, իսկ աղջիկներին՝ Անի, Մանե, Նարե եւ Մարիամ:
yerkirmedia.am