Արարատ Ղուկասյանի գիրքը ներկայացվեց նաև Մոսկվայում

Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացվեց Մոսկվայում: «Արմենիա» տաղավարում տեղի ունեցած շնորհանդեսը կազմակերպել էր տեղի Երիտասարդական միությունը՝ Մարտիկ Գասպարյանի հովանավորությամբ: Վերջինս նաև հովանավորել էր գրքի մոսկովյան տպագրությունն ու խմբագրումը, ներկայացրել իր գրախոսականը աշխատության վերաբերյալ:  Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:

Շնորհանդեսն սկսվեց ջութակի մելամաղձոտ հնչյուններով: Այնուհետև հանդիսավար Տիգրան Գասպարյանը խոսքը տվեց բարերար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին, ով ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, նրա ներկայիս գործունեությունն Իսպանիայում, ինչպես նաև արդեն գրքում հրատարակված գրախոսականը: Մ. Գասպարյանը հրապարակեց նաև Հայաստանի Գրողների միությանը հասցեագրված նամակը, որով խնդրվում է ընդգրկել Արարատ Ղուկասյանին միության մեջ:

Գասպարյանից հետո խոսք առավ հեղինակը, ով գլուխ առ գլուխ ներկայացրեց ժողովածուն, բացատրեց վերնագրի ընտրությունը և, միաժամանակ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից պատմեց Իսպանիայի հայկական հետքը, այժմյան համայնքն ու նրա գործունեությունը:

Արարատ Ղուկասյանի խոսքին հետևեց գրականագետ Աբգար Հայրապետյանի մեկնաբանությունն աշխատության վերաբերյալ:

Շնորհանդեսին ներկա էր նաև ռուս գրող, հրապարակախոս Ալեքսանդր Սոսնովսկին, ում հորդորներով է տպագրվել Արարատ Ղուկասյանի գիրքը: Սոսնովսկին պատմեց Վալենսիայում տեղի ունեցած իր գրքի՝ «Վրացական սինդրոմ» աշխատության աննախադեպ շնորհանդեսի մասին, որը կազմակերպել էր Արարատ Հայկական Միությունը: Հենց վերջինիս անունից էլ նրան շնորհվեց միության պատվավոր անդամի շնորհագիրը:

01 02 03 05

Scroll Up