Հոգու մղումով

Մարդիկ աշխարհ են գալիս տարբեր առաքելություններով և ապրում են իրենց կյանքը որոշակի մղումներով։ Ամալյա Մոսինյանը մանկուց արդեն առանձնանում էր շրջապատից, բոլոր ասպարեզներում ընդգծվում էր նրա վառ անհատականությունը։ Մինչև Կրասնոդար հասնելը  շատ երկար ճանապարհ է անցել,  աշխատել ամենատարբեր ոլորտներում, ընտանիք կազմել, ճակատագրի բերումով մենակ մեծացրել երեք որդիներին։  Որոշակի կենսափորձ կուտակելով, հասկացավ, որ իր կոչումը սովորեցնելն է, 30 տարվա մանկավարժական փորձի արդյունքում ձեռք  բերած մի շարք մասնագիտություններից ամենահոգեհարազատը դարձավ մանկավարժությունը։

1993-94թթ. արդեն Կրասնոդարում հրատարակվող «Երկրամաս» ամսաթերթում հայկական էջ էր խմբագրում և, միաժամանակ, նորակառույց եկեղեցու դեռևս անբարեկարգ բակում հայ երեխաներ էր հավաքել շուրջը և, իր կարողությունների չափով, հայոց լեզու, ասմունք, երգ ու պար էր դասավանդում։ Դաշտն ազատ էր, այս քաղաքում հայկական  հարյուրամյա պատմություն ունեցող համայնքը երկարատև ընդմիջումից հետո նոր-նոր էր սկսում ձևավորվել։ Տիկին Ամալյան այն առաջիններից էր, որոնք նախապատրաստեցին ազգային ինքնագիտակցության ներկայիս զարթոնքը։

2013 –ին ձև և բովանդակություն ստացան ջանքերն ու որոնումները, ծնվեց «Նարեկ» կրթամշակութային կենտրոնը՝ տասնյակ տարբեր տարիքի աշակերտներով։ Սկսվեց նպատակաուղղված, ջանասեր աշխատանքի և ելույթների մի շրջան, որի արդյունքում, ինքնաբերաբար մնացած ուղղությունները խամրեցին ու նահանջեցին՝ տեղի տալով հայկական ժողովրդական պարի հմայքի առջև։

Այսօր, տասնամյա բարձրությունից, «Նարեկը» կայացած պարի համույթ է, որը մասնակցում է երկրամասի մշակութային շատ ու շատ միջոցառումների, համահայկական գրեթե բոլոր փառատոներին, արժանացել է տասնյակներով հաշվող լուրջ դիպլոմների և պարգևների։ Խումբը բազմիցս եղել է Հայաստանում, ելույթներ ունեցել Ռուսատանի և Եվրոպայի այլևայլ քաղաքներում։

Էլ ով, եթե ոչ թոռնուհին պետք է շարունակի տատի կյանքի գործը։ Աննա Մոսինյանը տարիներ շարունակ Երևանում վարպետության դասեր է ստանում անվանի հայ պարուսույցների մոտ և այսօր համույթի գեղարվեստական ղեկավարն է, հիմնական պարուսույցը։

Վերջերս «Նարեկ» կենտրոնը, որ գործում է Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմին առընթեր բացված «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում, նույն կենտրոնի համերգային դահլիճում նշեց իր 10 – ամյա հոբելյանը։ Սա յուրօրինակ տոն էր, որն արժեվորեց անցած ճանապարհը, ցուցադրեց ձեռքբերումները և նախորոշեց հետագա վերընթաց ուղին։

250 տեղանոց դահլիճը լեփլեցուն էր ծնողներով, բարեկամներով, համակիրներով, բեմի վրա էին հիսունից ավելի սաները։ Գունագեղ համարները հաջորդում էին իրար՝ հագեցված ժողովրդական պարերի ինքնատիպ բեմադրություններով, բեմական տեսարաններով, հայրենաշունչ երգ ու ասմունքով։ Համերգի կիզակետը Մեծ եղեռնի 100-ամյա հիշատակին նվիրված դրվագն էր՝ Աննա Մոսինյանի հոգեցունց մենապարով։ Ելույթների անմիջականությամբ ջնջվել էր սահմանը հանդիսատեսի հետ և բոլորը դարձել էին այս շքեղ տոնի մասնակիցներ։ Հայաստանից ժամանած հյուրեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը և Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական  փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը հիացմունքի խոսքեր ու հայրենական կառավարության պարգևներ նվիրեցին տնօրեն Ամալյա Մոսինյանին, նրան երախտիքի  խոսքեր ուղղեցին նաև ծնողները, ավագ սաները, քաղաքային այլևայլ կազմակերպություններ։

Տասը տարին կայացման և համբավի ձեռք բերման երկար և խոստումնալից ճանապարհ էր, մնում է նվիրումի ուժով մնալ բարձունքին, առաջ ընթանալ հաստատուն քայլերով։ Ինչը որ տիկին Ամալյա Մոսինյանի ապրելու և աշխատելու կերպն է, հոգու մղումը։

ԵՐԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կրասնոդար

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

Scroll Up