Եկա, տեսա, հաղթեցի
Նա եկավ մոտ յոթ տարի առաջ: Եկավ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքից, որտեղ հանգրվանել էին նրա ծնողները տարիներ առաջ: Եկավ և հաստատվեց Վալենսիա քաղաքում: Տեսավ այս գեղեցիկ քաղաքը, ծանոթացավ նրա բարքերին, մշակույթին… Այնուհետև հեռակա սկսեց ուսումնասիրել երկիրը՝ Սենեկայի, Սերվանտեսի և Գոյայի հայրենիքը: Եվ այս ծովափնյա անդորր միջավայրից նրա միտքը սլացավ հեռուներ, կտրեց-անցավ բոլոր բաց ու փակ սահմանները, ծովերիվ երկրնքով, ցամաքով՝ հասնելով մինչև տիեզերքի անսահմանությունը:
Եվ նա հաղթեց… Հաղթեց՝ ամեն ինչ մանրազնին ուսումնասիրելուց հետո: Նա աշխարհն առավ իր ուղեղի մեջ՝ ապացուցելով, որ այդ մարդկային օրգանը նույնքան անսահման հնարավորություններ ունի, որքան և տիեզերքը և որ ամենագեղեցիկ հաղթանակը դա իմացության հաղթանակն է: Եվ այդ ամենը նա ապացուցեց ո՛չ թե իր մայրենի լեզվով՝ հայերենով, այլև՝ իսպաներենով՝ նախապես ամբողջովին անծանոթ օտար լեզվով:
Նա Լիլիթ Մանուկյանն է՝ իսպանահայության պարծանքը, իսպանացիների սիրելին և երիտասարդության չափանիշը: Մի իսկական քայլող հանրագիտարան, ով իր իմացությամբ՝ աննախադեպ ցուցանիշ գրանցեց իսպանական ամենահանրաճանաչ խաղի՝ «Պասապալաբրա»-ի (Pasapalabra – «Անցիր բառը») պատմության մեջ: Նախկինում և ոչ մի օտարերկրացի երբևէ չի մասնակցել այդ խաղին: Դե իսկ հաղթելու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Մասնակցելու համար իսպաներենի և իսպանագիտության բարձր մակարդակ է հարկավոր: Եվ ոչ միայն. հիշել երկրագնդի պատմության նշանավոր դեպքերն ու դեմքերին, թվականները, արվեստի աշխարհի հեղինակներին, քերականության կանոններն ու ամեն-ամեն ինչ… Եվ այդ ամենը՝ իսպաներենով:
Վերջնախաղում մասնակիցը պետք է պատասխանի իսպաներենի այբուբենի 25 տառերով բաղկացած 25 հարցերի՝ մոտավորապես . ընդամենը 2 րոպեի ընթացքում: Ասել է թե՝ իմացությանը գումարվում է նաև արագությունն ու մտքի թռիչքը, որոնք միայն հնարավորություն կտան տեղավորվել այդքան կարճ ժամանակի մեջ: Հատկանիշներ, որոնցով լիովին օժտված է Լիլիթը՝ վերածելով դրանք արժեքի: Հեցն դրանով էլ մեր հայրենակիցը մոտ 100 խաղի հաղթող է ճանաչվել՝ ամեն խաղում շահելով 1200 եվրո: Սակայն մեզ՝ հայերիս համար, այս հաղթանակների արժեքն ավելի է բարձր է. չէ՞ որ մեր առջև ունենք մի ազգակցի, ով հակառակորդի դաշտում՝ իր իսկ լեզվով, հաղթում է նրան:
«Պասապալաբրա» խաղին Լիլիթ Մանուկյանի առաջին մասնակցությունը եղավ 2011 թվականին, երբ իսպանահայությունն անսպասելի հայտնագործություն արեց, իսկ իսպանացիներն սկսեցին փնտրել ու հայտնաբերել հայկական տաղանդը: Եթե խոսենք թվային լեզվով, ապա Լիլիթի գործոնը միանգամից մի քանի անգամ բարձրացրեց հայ ազգաբնակչության վարկանիշն Իսպանիայում: Ցանկացած վայրում հայի կամ Հայաստանի մասին խոսելիս, առկա է Լիլիթը:
Վերջինիս երկրորդ մասնակցությունը խաղին տեղի ունեցավ 2012 թվականին: Այս անգամ արդեն մեր հայրենակիցը հեռուստացույցին գամեց ողջ իսպանահայությանը, որը խաղում էր նրա հետ, ոգևորվում, վհատվում, անհանգստանում, մտածում և հաղթում: «Լիլիթը սկսեց» կամ «Գնանք Լիլիթը նայենք» արտահայտությունները չէին իջնում հայերիս շուրթերից՝ այդպիսով փոխելով «Պասապալաբրա» բառի անունը: Նրա յուրաքանչյուր հաղթանակ ոգևորում էր ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև իսպանացիներին: Իսկ վերջնական հաղթանակին սպասում էր գրեթե ողջ երկիրը:
Հաղթանակ, որ եկավ Լիլիթի երրորդ մասնակցության հետ, երբ վերջինս 318.000 եվրո հավաքված գումարը շահեց՝ պատասխանելով վերջնական լրիվ 25 հարցերին:
Այժմ վալենսաբնակ մեր հայրենակիցը երիտասարդության չափանիշն է դարձել: Բոլորն ուզում են նմանվել նրան, ունենալ նրա հաջողությունը: Լիլիթն ակտիվ մասնակցություն է ունենում նաև հայ համայնքի կյանքին՝ ներկա լինելով նրա կարևորագույն միջոցառումներին: Նա ներկա գտնվեց Միսլատայի քաղաքապետարանի նիստի օրը, երբ վերջինս միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եղել է նաև «Հայկական Անկյուն»-ի բացման օրը՝ իր ներկայությամբ ոգևորելով բոլորիս:
Այսպիսին է մեր հայրենակից Լիլիթ Մանուկյանի արկածներն Իսպանիայում, որտեղ մի օր եկավ նա, եկավ, տեսավ ու հաղթեց:
Արարատ Ղուկասյան
Վալենսիա (Իսպանիա)