Եղեռնի ճանաչմանն ուղղված ակցիա Բուդապեշտում

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: Այս մասին Բուդապեշտից հաղորդում է Աստղիկ Ավետիսյանը:

Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` 100-ամյակի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և ՅուՔոմի համագործակցության արդյունքում:

 «Պատահական չէ ընտրված օրը, – իր խոսքում ասաց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, – 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»:

Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ են, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը:

Ֆլեշմոբին իրենց մասնակցությունը բերեցին Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած Y-work for Peace համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացան այլազգի երիտասարդներ:

Ոստայնը որպես միջազգային ՀԿ հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից:

Scroll Up