Երեք ազգերի խորհրդանիշ Հրանտը. Թաներ Աքչամը՝ Հարվարդի համալսարանում Դինքին նվիրված կոնֆերանսի մասին

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf պարբերականում ներկայացրել է Հարվարդի համալսարանում նշանավոր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքին նվիրված կոնֆերանսի մանրամասները: Այս մասին տեղեկացնում է  tert.am-ը:

Աքչամի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.

«Հարվարդի համալսարանը գեղեցիկ և նշանակալից մի հավաքի կազմակերպիչ դարձավ: 250 հոգանոց դահլիճը լեփ- լեցուն էր, մարդիկ ոտքի էին մնացել կամ էլ նստել էին հատակին: Հետո ստիպված եղան դռները փակ պահել, և  տասնյակ մարդիկ չկարողացան ներս մտնել:

Բացման խոսքն ասելու համար բեմ բարձրացած Ռաքել Դինքը (Հրանտ Դինքի կինը- Tert.am) շատ հուզված էր, արցունքները զսպել չէր կարողանում: Հուզիչ պահ էր… Դժվարությամբ էր խոսում. «Մեր մանկությունը հիշեցի… ծննդավայրս, Թուզլայի ճամբարը միտքս եկավ… Որտեղից ուր, այդտեղից մինչև Հարվարդ… այժմ Հրանտի պատվին կազմակերպված ծրագրին եմ մասնակցում»:

Հետո Հրանտի սպանությունն իրականացնողներին և նրանց հանցակիցներին նկատի ունենալով՝ ասաց. «Տե՛ր Աստված, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Ավելի ուշ իմացա, որ դրանք Քրիստոսի խոսքերն են:

Հարվարդի համալսարանում Հրանտ Դինքի պատվին ամենամյա կոնֆերանսներ կազմակերպելը Հարի Փարսեքյանի երազանքն էր: Հարին Բոստոնում է ծնվել, սակայն ասում է, որ հայ է՝ Կեսարիայից է:

Հոր ծննդավայրը Նիրզեն է, և մեր կողմերում նրան չճանաչող չկա: Տարին 4-5 անգամ Թուրքիա է գալիս:

Նրա ամենամեծ երազանքը հայերի և թուրքերի հաշտեցումն ու հանդիպումն է: Շատ է ցանկանում, որ թուրքերն իմանան իրենց անցյալը: Ամենամեծ հարցն էլ հետևյալն է. «Ի՞նչ անեմ, որ թուրքերն էլ իրենց պատմությունն իմանան ու մեր ցավը հասկանան»: Հրանտը նրա համար այդ պատճառով է կարևոր:

Երբ Հրանտի սպանության լուրն իմացել է, սկսել է աշխատել՝ նրա ճանապարհով քայլելու և նրա ջանքերը շարունակելու ուղղությամբ:

Հարիի գլխավորությամբ Բոստոնում «Հրանտ դինքի ընկերներ» անվանմամբ խումբ է ստեղծվել՝ նպատակը Դինքին ներկայացնելն է, ինչպես նաև ԱՄՆ-ի ընձեռած հնարավորություններից օգտվելով՝ Հրանտի գաղափարներով հայ-թուրքական մերձեցմանն օժանդակելն է: Նա փորձում է բացատրել, որ ինչ որ Մարտին Լյութեր Քինգն էր (ամերիկացի սևամորթ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը՝ 1950-ականներից սկսած) ԱՄՆ-ի համար, նույնն էր Հրանտը՝ Թուրքիայում:

Աշխարհի ամենահեղինակավոր համալսարանում Հրանտ Դինքի անունով նախագիծ սկսել էր ուզում, որը կզբաղվեր ոչ միայն հայ-թուրքական հարցերով, այլև ողջ աշխարհում անարդարության հանդիպած, օտարված, կոտորածներ տեսած ժողովուրդների, մարդու իրավունքների և արդարության որոնման հարցերով:

Ահա Ռաքել Դինքն այս ժողովի բացմանն  էր մասնակցում:

Առաջին ելույթ ունեցողը Կոլումբիայի համալսարանից Միջին Արևելքի ճանաչված մասնագետ Ռաշիդ Խալիդին էր, որի ելույթը վերնագրված էր «Առաջին համաշխարհային պատերազմի չապաքինված վերքերը. Հայաստան, Քուրդիստան և Պաղեստին»:

Խալիդին երեկն այսօրվան կապող շատ կարևոր և գեղեցիկ ելույթ ունեցավ: Հայերը, քրդերն ու պաղեստինցիները Միջին Արևելքում ցավ քաշող երեք ազգերն են: Հայերը ցեղասպանության են ենթարկվել, քրդերն ու պաղեստինցիները ճնշվել են ու հալածվել: Արևմուտքն այս երեք ազգերին էլ մեծ խոստումներ է տվել, սակայն դրանցից ոչ մեկը չի իրագործվել:

Հարցը մինչև մեր օրերն է հասցնում Խսլիդին: Այսօր այս երեք ժողովուրդների ցավերը չեն ճանաչում: Հայերն իրենց բնօրրանը համարվող հողերում չեն արդեն, սակայն արդարությունը չի հաստատվում, ժխտվում է: Քրդերն ու պաղեստինցիներն էլ պետություն ստեղծելու իրենց իրավունքից են դեռ շատ հեռու:

Ռաշիդի եզրափակիչ խոսքերն էին շատ կարևոր. «Քանի դեռ այս երեք ազգերի հիմնական իրավունքները շարունակում են մերժել, Միջին Արևելքում խաղաղությունն չի հաստատվելու»:

Հարվարդի նման համալսարանում հայերի, քրդերի ու պաղեստինցիների խնդիրներին անդրադառնալը, բարձրաձայնելը կարևոր քայլ է:

Հրանտը, կարծես, այս երեք ազգերի ցավերի և արդարությունը որոնելու համատեղ խորհրդանիշն է»:

Scroll Up