«Վիասֆեր» ընկերության հիմնադիր-նախագահ Թոնի Մորոյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  ԱՄՆ-ի «Վիասֆեր» վենչուրային ընկերության և Հայաստանի «Վիասֆեր տեխնոպարկ» մասնաճյուղի հիմնադիր-նախագահ Թոնի Մորոյանին և հայաստանյան «Վիասֆեր Տեխնոպարկ» մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանին:

Թոնի Մորոյանի նախաձեռնությամբ 2001թ. Հայաստանում մասնաճյուղ բացելով՝ «Վիասֆեր» ընկերությունը բիզնես միջավայր է ստեղծել ինչպես արդեն կայացած տեխնոլոգիական ընկերությունների զարգացման, այնպես էլ սկսնակների համար: Տեխնոպարկն այն վայրն է, որտեղ ընկերությունները փնտրում են ծրագրերի մշակման իրենց ծառայություններն արտահանելու և Հայաստանի տեխնիկական կարողությունների հիման վրա ոլորտը զարգացնելու լուծումներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց «Վիասֆեր» ընկերության հայազգի տնօրեն Թոնի Մորոյանի ջանքերը՝ Հայաստանում կազմակերպության դուստր ընկերություն հիմնելու և հաջողությամբ  գործարկելու ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ նշեց, որ տեխնոպարկը զարգացման կենտրոնների միջոցով հաջողությամբ ընդլայնել է իր ծրագրային ապահովման և գիտահետազոտական կարողությունները, որոնք կապված են տարբեր երկրներում աշխատող թիմերի հետ:

Քննարկվեցին Հայաստանի նորագույն տեխնոլոգիաների մասնագետների, մասնավորապես սիրիահայ երիտասարդների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելուն վերաբերող հարցեր:

«Պանարմենիան» բանկի և «Քենդլ» նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» համաժողովի համահիմնադիր և համանախագահ, ՏՏ ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր Թոնի Մորոյանը ծնվել է Լիբանանում, ապա տեղափոխվել ԱՄՆ: Սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բերքլիի համալսարանում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Մագիստրատուրայում ուսումնասիրել է էլեկտրոնային ճարտարագիտություն և համակարգչային գիտություն:

Scroll Up