Կարեն Գևորգյան. «Ղրիմում ամեն ինչ արվում է հայկական պարարվեստը պահպանելու համար»

ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրի շրջանակներում «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը մեկնեց Ղրիմ՝ վերապատրաստելու համայնքի պարուսույց-մանկավարժներին:

Պարոն Գևորգյանը  «Հայերն Այսօրի»  հետ զրուցելով Ղրիմ կատարած իր այցի մասին հայտնեց. «Նախ ասեմ, որ այցելությունս Ղրիմ խիստ նպատակային եմ համարում, քանի որ այնտեղի հայերը պարզապես կտրված են հայ մշակույթից՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքը նրանց հայ հող ու ջրին կառչած մնալու և Հայաստանի հետ կապը չկորցնելու ուղղությամբ ջանք ու եռանդ չի խնայում այնպիսի մշակույթի նվիրյալների շնորհիվ, ինչպիսին են Վահան Երմիշյանը, Արամ Գրիգորյան և ուրիշներ: Արամ Գրիգորյանը Ղրիմում գործող «Արարատ» պարային խմբի գեղարվեստական ղեկավարն է, ով անմնացորդ կերպով Ղրիմում հայկական պարերի ամենամյա միջազգային փառատոնն է կազմակերպում:  Այդուհանդերձ, նրանք նույնպես բազմապիսի դժվարությունների են հանդիպում տարբեր ոլորտներում, իսկ այդ դժվարությունների հաղթահարման միակ միջոցը տարբեր մասնագետներով համայնքը համալրելն է, որի մի մասն էլ պարարվեստն է կազմում»:

Կարեն Գևորգյանը Ղրիմում գտնվելու հինգ օրերի ընթացքում վարպետության դասեր է անցկացրել «Արարատ» պարային համույթի մասնակիցների հետ: Պարուսույցը նշում է, որ այդ կարճ ժամանակահատվածում պարային գիտելիքների մեծ պաշար է փոխանցել նրանց, նույնիսկ հասցրել է բեմադրել Վասպուրականի ազգագրական պարերի շարանը՝ Քերծի, Շատախի Շամ-Քելեցի պարերը: Պարոն Գևորգյանն անակնկալի է եկել` իմանալով որ «Արարատ» պարային համույթի պարուսույց-փորձավարն ազգությամբ ուկրաինուհի է, ով պարզապես սիրահարված է հայկական պարարվեստին: «Պետք է տեսնեիք, թե նա ինչ ջանասիրությամբ և նվիրումով էր  երեխաներին հայկական պարերը սովորեցնում, իսկ ինձ անընդհատ հարցուփորձ էր անում պարերից և խնդրում, որ հնարավորինս շատ պարային շարժումներ սովորեցնեմ. միասին պայմանավորվել ենք նաև, որ նա գալու է Հայաստան՝ հեռակա ուսուցում ստանալու Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության  բաժնում. դա ավելի կօգնի նրան ձեռքը հայկական մշակույթի զարկերակին պահելու համար»,-ասաց Կարեն Գևորգյանը:

Նշենք, որ «Արարատ»-ը 2016 թվականին մասնակցելու է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, որը պարուսույցը կարևոր նվաճում է համարում: Պարոն Գևորգյանը, տեսնելով ղրիմահայերի սրտացավ մոտեցումը հայ մշակույթի, մասնավորապես՝ պարի հանդեպ, հիմա աներկբա հաստատում է, որ Ղրիմում ամեն ինչ արվում է հայկական պարարվեստը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:

Պարուսույցի հաջորդ կանգառը Յալթան է եղել, որտեղ այցելել է Յալթայի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցի: Տեսնելով եկեղեցու բակում մեկտեղված հայերի բազմությանը՝ պարուսույցի հուզումն անսահման է եղել:

Վերադառնալով Սիմֆերոպոլ՝ Կարեն Գևորգյանը հրավեր է ստացել մասնակցելու Կրասնոդարի «Նարեկ» կրթամշակութային միության հիմնադրման տասնամյակին նվիրված միջոցառմանը. «Գոյության տասը տարիների ընթացքում այս հաստատությունն ապացուցեց, որ հայը որտեղ էլ լինի, ստեղծարար, արարող է և անկոտրում է պահում հայ մշակույթի ոգին. դրա վառ ապացույցն է Մուսինյան ընտանիքի անձնվեր աշխատանքը «Նարեկ» կրթամշակութային միությունում` Ամալյա Մուսինյանի ղեկավարությամբ»,-ասաց Կարեն Գևորգյանը:

Մինչ Յալթա մեկնելը պարոն Գևորգյանի ղեկավարած  «Բերդ»  պարային համույթը երեք բացառիկ ելույթներ է ունեցել Թեհրանում: Համերգն իր ներկայությամբ պատվել էր նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Ի դեպ, այցելելու հրավերը ստացել են «Զարթոնք» պարային անսամբլից և «Սիփան» մշակութային միությունից:

Վերջում Կարեն Գևորգյանը ՀՀ սփյուռքի նախարարությանն ուղղված շնորհակալության խոսքում շեշտեց. «Սփյուռքի նախարարությունը միշտ հանդես է եկել հայկական սփյուռքում հայ մշակույթը պահպանելու և տարածելու առաքելությամբ, այնտեղ գտնվելու օրերի ընթացքում շփվելով հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հասկացա, որ նրանք հայոց պետականության աջակցության կարիքն ունեն, հատկապես Սփյուռքի նախարարության օգնության կանչին են հետևում… »:

 Գևորգ  Չիչյան

Миндиаспора-К.Геворкян-1

01 02 03 04 05 06 07 08

Scroll Up