Կանադական քաղաքից հայ տղան մասնակցել է Առաջին աշխարհամարտին. News.am

Հայաստանում ծնված, բայց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանադական Բրանթֆորդ քաղաքում բնակվող Սեմ Չիքեջյանն այդ քաղաքից պատերազմի մեկնած ամենաերիտասարդ բնակիչն է եղել, ով պայքարել ու զոհվել է: Տեղական «Brantford Expositor» պարբերականը հոդված է նվիրել երիտասարդ զինվորին:

Թերթի համաձայն, Չիքեջյանը վճռական է եղել կամավոր զինվորագրվելու եւ Եվրոպա՝ մարտադաշտ մեկնելու հարցում: «Այն, ինչ ես հիշում եմ, երբ նա դպրոց էր գնում, շոտլանդացի մի քանի երեխաների հետ մեկնեց Տորոնտո, որպեսզի միանա շոտլանդական գնդին: Բայց մայրը գնաց Տորոնտո եւ հետ վերադարձրեց նրան»,- պատմել է Սեմի զարմիկը՝ 98-ամյա Էնդի Չիչակյանը Համիլթոնից:

Բայց որքան էլ մայրը՝ Լուսիկը, փորձել է ընտանիքի ամենակրտսեր երեխային հետ պահել պատերազմից, Սեմը կայացրել էր իր որոշումը: Նա զինվորագրվել է եւ ուղեւորվել օվկիանոսից այն կողմ: Միանգամայն հնարավոր է, որ նա ծնվել էր 1899 թվականին, սակայն ավելի հավանական է, որ 1903 կամ 1904 թվականի ծնունդ է եղել: Ամեն դեպքում, Սեմ Չիքեջյանը 1918 թվականի փետրվարին եղել է Անգլիայում, բազային պատրաստություն անցել՝ ճակատ մեկնելու համար: Գրեթե յոթ ամիս անց նա զոհվել է եւ հուղարկավորվել Ֆրանսիայի Սեն-լը-Մարկյոն բնակավայրի «Օնտարիո» գերեզմանատանը:

Տեղացի պատմաբան Ջեֆրի Մոյերին վաղուց է հայտնի շարքային Սեմ Չիքեջյանի պատմությունը: «Նա Բրանթֆորդից ամենաերիտասարդն էր, որը պայքարել ու զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,- նշել է պատմաբանը:

Scroll Up