ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մոնրեալի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում
հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հոկտեմբերի 30-ին Կարեն Միրզոյանն այցելել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Կանադայի Հայոց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցիները, Սուրբ Հակոբ և Ալեք Մանուկյան վարժարանները, հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Նույն օրը տեղի է ունեցել հանրային հանդիպում Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց լուծման ճանապարհների և անկախության տասնամյակների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:

Հոկտմբերի 31-ին Կարեն Միրզոյանը հանդիպել է Քվեբեքի նահանգային խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, ԼՂՀ դիրքորոշումն ու մոտեցումները կարգավորման հարցում, անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող ժողովրդավարական պետականաշինության գործընթացներին և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին:

Մտքեր են փոխանակվել նաև հնարավոր համագործակցության եղանակների ու ձևերի մասին։ Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Կանադա ավարտվել է։

Scroll Up