Ադրբեջանական դիվանագիտությունն առաջնորդվում է թյուրըմբռնումներով. Արամ Ավետիսյանի անդրադարձը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի բլոգում

ԱՄՆ-ի Կոնգրեսի բլոգ The Hill-ը՝ քաղաքականության ոլորտի մասնագետների հարթակը, հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ-ի գրասենյակի խորհրդական Արամ Ավետիսյանի պատասխանն ադրբեջանցի լրագրող Նասիմի Աղաևի խմբագրականին, որը, հեղինակի խոսքով, նպատակ ուներ շեղել ընթերցողներին, գրում է tert.am-ը:

Ավետիսյանը նշում է, որ Արցախի անկախությունն ու ինքնորոշումը սատարող Կալիֆորնիայի իշխանությունների ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի այդ նահանգում Արցախը զգալի աջակցություն ունի՝ ի հեճուկս Իլհամ Ալիևի ռեժիմի, որը տարիներ ու միլիոններ է ծախսում ի շահ ռեժիմի գործեր անելու համար:

Հեղինակը նշում է, որ Աղաևը պատճառ ունի նեղվելու Կալիֆորնիայում իր երկրի «խավիարային դիվանագիտության» ապագայից:

Նկատվում է, որ խորհրդային Ադրբեջանի հալածանքներից ազատվելու համար Արցախի ժողովուրդը խաղաղ, ժողովրդավարական միջոցների է դիմել: Պատերազմը եղել է Ադրբեջանի ընտրությունը: Ինչն իր հերթին ապագաղութականացման տրամաբանությունն ըմբռնելու Ադրբեջանի իշխանությունների անկարողության հետևանք է:

«Այսօր նպատակն ապագա ողբերգությունները կանխելն է, սակայն ցավալի է, որ այդ նպատակը չի կիսում Ալիևի ռեժիմը: Սա դրսևորվում է ոչ միայն հայերի հասցեին ատելություն պարունակող հռետորաբանությամբ, այլև խաղաղություն ցանկացող ադրբեջանցիների դեմ հալածանքներով»,- նշում է նա:

Անդրադառնալով Աղաևի տարբեր պնդումներին՝ հեղինակը հետևյալ հակափաստարկներն է բերում: Արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ադրբեջանը չի կատարում ԱՄՆ-ի և միջազգային հանրության պահանջը՝ հետ կանչել իր դիպուկահարներին շփման գծից:

Իսկ Ադրբեջանի իշխանությունների փորձը՝ Ղարաբաղի խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հակասում է 1994-ի հրադադարին, որը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչը պարզորոշ ցույց է տալիս եռակողմ ձևաչափ:

Ըստ հեղինակի՝ բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ նախքան 1998-ը գործած ձևաչափին, երբ մասնակից կողմ էր նաև ԼՂՀ-ն:

Հեղինակը նկատում է նաև, թե որքան անհեթեթ է Աղաևի կողմից իր երկիրը որպես «հետխորհրդային հաջողության տիպար» ներկայացնելու փորձը: Դա տիպիկ և ծիծաղելի է Ալիևի ռեժիմի հռետորաբանության համար, երբ կոռումպացված ռեժիմը վայելում է նավթի ապահոված բարիքները և սեփական քաղաքացիներին պատժում Facebook-ում մեկնաբանություններ անելու համար, մոտ հարյուրին քաղբանտարկյալ պահում, ճնշում մարդու իրավունքների պաշտպաններին և ՀԿ-ներին՝ չնայած միջազգային հանրության, ԱՄՆ-ի նախագահի քննադատությանը: Ավետիսյանը հիշեցնում է նաև այս ամենի բերումով Ադրբեջանին սպառնացող պատժամիջոցների մասին: Եվ նկատում, թե հազիվ սա կարելի է հաջողության օրինակ համարել, որին արժե հետևել:

Ավետիսյանը շնորհակալություն է հայտնում Կալիֆորնիային նշված իրողություններն ըմբռնելու համար, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Արցախին ընդլայնված աջակցություն ցուցաբերելու համար:

Scroll Up