Լիսաբոնում «Հայերը 2115-ին» խորագրով սեմինար է տեղի ունեցել
«Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքը հոկտեմբերի 13-14-ը երկօրյա սեմինար էր կազմակերպել Լիսաբոնում` հայազգի գործիչների և փորձագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է civilnet-ը:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` «Հայերը 2115-ին» ռազմավարական սեմինարի ընթացքում քննարկվել են Սփյուռքի հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքացիական հասարակության հետ, Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան փոխհարաբերությունները, ինչպես նաև սփյուռքի համայնքների հայապահպանման հարցերը:
Մասնակիցները համակարծիք էին, որ Սփյուռք-ՀՀ հարաբերություններում և հայկական համայնքների պահպանության գործում մեծ է տարածաշրջանային գործընթացների, այդ թվում` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի և Ադրբեջանի բարձրացրած պատերազմի սպառնալիքների դերը:
Քննարկման մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս շարունակել այս ձևաչափով հանդիպումները:
«Հայերը 2115-ին» սեմինարը կազմակերպել էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հոգաբարձու Մարթին Էսայանը և հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:
Քննարկմանը մասնակցել են քառասունից ավելի գործիչներ, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Սալբի Ղազարյանը, Քեն Խաչիկյանը, Վիգեն Չեթերյանը, Դելալ Դինքը, Ստեփան Փանոսյանը, Ֆաթմա Մուգե Գյոչեքը, Արիս Նալչը, Թոմաս դե Վաալը և այլք: