Հայերը՝ թուրքական մամուլում ատելության խոսքի թիվ մեկ թիրախ

«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է «Ատելության խոսքը Թուրքիայի լրատվամիջոցներում» 2014թ. հունվար-ապրիլի ամիսների զեկույցը, որը կազմված է երկու բաժնից: Այս մասին տեղեկացնում է civilnet-ը:

Ինչպես ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ, առաջինը վերաբերում է ազգային և կրոնական հողի վրա ատելության խոսքին, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված բովանդակությանը: Երկրորդը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի շուրջ ծավալվող և խտրականություն պարունակող բանավեճի վերլուծություն է:

Ատելության խոսք պարունակող հրապարակումների թիվն աճում է 

Նշված ժամանակահատվածում ատելության խոսք պարունակող նյութերի թիվը զգալիորեն աճել է՝ համեմատած 2013թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի հետ:

Տարեցտարի մամուլում ատելության խոսքը սրվում է քրիստոնեական տոների ժամանակաշրջանում:

Ապրիլի 24-ի և Խոջալուի դեպքերի հիշատակումն այն թեմաներն են, որոնց շուրջ մամուլում թիրախավորվում են առանձին խմբեր: Մյուս թեժ թեմաներից է՝ Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև հակամարտությունը: Տպագիր հրատարակություններից շատերում, որոնք քննադատական դիրքորոշում են ունեցել Գյուլենական համայնքի հանդեպ, ատելության խոսքի թիրախ են եղել քրիստոնյաները, հրեաներն ու Արևմուտքը:

Տարվա առաջին չորս ամիսներին ատելության խոսք պարունակող լուրերից շատերը հայերի մասին էին: Հայերից հետո թիրախավորվել են հրեաներն ու քրիստոնյաները:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տպագիր մամուլում

Զեկույցի երկրորդ բաժինը վերաբերում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

Ապրիլի  22-26-ը վերլուծության է ենթարկվել Aydınlık, Birgün, Habertürk, Hürriyet, Radikal, Sabah, Türkiye և Zaman պարբերականների բովանդակությունը: Նախորդ տարիների հետ համեմատելու և հասկանալու համար, թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը լուսաբանվել 2007-ից ի վեր, արխիվային հետազոտություն է անցկացվել: Ուսումնասիրվել են այս թերթերի առաջին էջերը:

Այսպես՝ պարզվել է, որ ապրիլի 24-ի հիշատակի օրվա վերաբերյալ 2014թ. հունվարից ապրիլ լույս տեսած հրապարակումների թիվը գերազանցել է 2007-2013թթ. մամուլում հրապարակված նյութերի ընդհանուր թիվը: Ուշագրավ է, որ այս տարվա ապրիլի 24-ի նախօրոին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձից հետո Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ավելի մեծ ուշադրության է արժանացել մամուլում, քան նախորդ տարիներին:

Գրեթե բոլոր վերոնշյալ թերթերը ապրիլի 24-ին հրապարակել են այլ թերթերում տեղ գտած հրապարակումների կոլաժ: Դա վկայում է այն մասին, որ տպագիր մամուլի դերակատարներն իրենց դիրքավորում են մեկը մյուսի հանդեպ, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես են նրանք հարցի շուրջ հանրային կարծիք ձևավորում:

Այսպիսով՝ ապրիլի 24-ը դարձել է գործիք, որի միջոցով Ցեղասպանության հանրային ընկալումը վերափոխվում է այնպես, կարծես այն «ոչ քաղաքական» երևույթ է:

Այս «գործիքավորումը» քաղաքական տարբեր խաղորդներ տարբեր կերպ են իրականացրել, տարբեր մոտեցումներ են եղել: Այսպես՝ որոշ դեպքերում Ցեղասպանության իրականացումը բարդվել է քեմալիզմի կամ «Միություն և առաջադիմություն» կուսակցության վրա, կամ գովաբանվել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ օգտագործելով Էրդողանի ցավակցական ուղերձը, կամ էլ հայերը ներկայացվել են որպես «դավադիրներ»:

219 հրապարակումներից 80-ում առկա էին այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝ «առերեսում անցյալի հետ», «արդարություն», «Ցեղասպանության ճանաչում», «ներողություն» և «խաղաղություն»: Միակ թերթը, որը կտրականապես հերքում է Ցեղասպանությունը, Aydınlık-ն է:

Scroll Up