Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածվի զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում գտնվող տարածքը՝ համաձայն փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն տարածքը քաղաքապետարանի ավագանու որոշմամբ կվերածվի զբոսայգու: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային, զբոսայգու վերածելու համար: Դիմումն ընդունվել է միաձայն, և այժմ հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն:
Հայկական հիվանդանոցի հիմնադրամը, արձագանքելով քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային շահը, դեմ է ինչպես վարչական իրավունքի, այնպես էլ իրավական պետության հուսալիության եւ շարունակականության սկզբունքներին:
«Սի Էն Էն թուրքշ» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հիմնադրամի ներկայացուցիչները որոշումը կբողոքարկեն նախագիծը առկախելու համար: