«Համազգային հարցերի համակարգված լուծումը կարիք ունի «Համահայկական խորհրդի». Սերժ Սրապիոնյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/g_image3.jpg)
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահի կողմից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հնչեցված գաղափարին՝ ստեղծել «Համահայկական խորհուրդ»։ Ըստ փոխնախարարի՝ 2011թ. ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 3-ամյա գործունեությունը ցույց է տվել, որ համազգային կարևորագույն և հրատապ խնդիրների համակարգված լուծումը իրոք կարիք ունի նմանատիպ կառույցի:
-Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հայտարարվեց, որ նախատեսված է ստեղծել «Համահայկական խորհուրդ»` կազմված սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներից: Ինչո՞ւ կառույցի գաղափարը մտահղացավ, ի՞նչ չի կարողանում անել Սփյուռքի նախարարությունը , որ պետք է անի «Համահայկական խորհուրդը»։
– Նախ՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին չի հայտարարվել, թե՝ «նախատեսված է ստեղծել «Համահայկական խորհուրդ»՝ կազմված սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներից: Հիշեցնեմ՝ ՀՀ Նախագահը բառացիորեն ասաց. «Ի դեպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել և ակնկալում եմ ձեր արձագանքը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»: Ասված է շատ պարզ և հասկանալի: Այսինքն՝ Նախագահը առաջարկ է ներկայացրել և ակնկալում է հայաստանյան և սփյուռքի ներկայացուցիչների արձագանքը, որից հետո միայն կարելի է խոսել կառույցի ստեղծման մասին:
2011թ. ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 3-ամյա գործունեությունը ցույց տվեց, որ համազգային կարևորագույն և հրատապ խնդիրների համակարգված լուծումը իրոք կարիք ունի նմանատիպ կառույցի գոյության:
Ի՞նչ կապ կարող է ունենալ նման կառույցի ստեղծումը ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Սփյուռքի նախարարության հիմնախնդիրը հայկական սփյուռքի համախմբումը, հայապահպանությունը, Հայաստան-սփյուռք կապերի խորացումը, սփյուռքի ներուժի հայտնաբերումն ու դրա օգտագործումն է ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Նախարարության վեցամյա գործունեության արդյունքների վկայությունն իրագործվող ամենամյա ծրագրերն են: Դրանց մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ մեր հնգամյակն ամփոփող ժողովածուում, ինչպես նաև ամենամյա տարեգրքերում: Մինչդեռ ստեղծվելիք կառույցի խնդիրը ոչ թե սփյուռքի հետ աշխատանքներ տանելն է լինելու, այլ, ինչպես Նախագահը նշեց, այն «կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»:
-Ի՞նչ կառուցվածք ու նոր գործառույթ է ունենալու «Համահայկական խորհուրդը»։
– Կարծում եմ՝ ժամանակավրեպ է խոսել դեռ չստեղծված կառույցի կառուցվածքի մասին: Թերևս դրա համար հիմք կարող է ծառայել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ արդեն գործող և քննության բռնած կառուցվածքը՝ իհարկե հաշվի առնելով շահագրգիռ կազմակերպությունների և անհատների առաջարկներն ու կարծիքները: Ինչ վերաբերում է նոր գործառույթներին, ապա դրանց մասին կարելի կլինի խոսել միայն կառույցի ստեղծումից հետո, իսկ ընդհանուր նպատակներն արդեն նշված են Նախագահի խոսքում:
-Ժամանակին նախարար Հրանուշ Հակոբյանը խոսել էր ՀՀ Ազգային ժողովը երկպալատ դարձնելու հնարավորության մասին, ըստ որի՝ խորհրդարանի վերին պալատի կազմում պետք է ընդգրկվեին նաև սփյուռքի ներկայացուցիչները։ Ինչո՞ւ դա հնարավոր չեղավ կյանքի կոչել և արդյո՞ք նոր առաջարկվող «Համահայկական խորհուրդը» այս նախագծին փոխարինելու է գալիս։
– Այո՛, նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հնչեցվել է ՀՀ Ազգային ժողովը երկպալատ դարձնելու գաղափարը: Գոյություն ունեն նաև այլ գաղափարներ՝ միտված սփյուռքի մասնակցությունը համահայկական նշանակության հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակից դարձնելու առումով: Սակայն նման հարցը արագորեն լուծվող խնդիրներից չէ, և տարբեր կարծիքներ պետք է հաշվի առնվեին: Գուցե կգա ժամանակը, և այդ գաղափարներից մեկը կյանքի կկոչվի:
«Համահայկական խորհրդի» ստեղծման առաջարկը որևէ կերպ չի կարող կապվել Ազգային ժողովի հետ: Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, նրա առաքելությունը օրենքների մշակումն ու ընդունումն է, մինչդեռ «Համահայկական խորհուրդը» եթե ստեղծվի, ապա պիտի ծառայի հայության առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ տալու ուղիներ մատնանշելուն: Նման որոշ գործառույթներ կարելի է ասել այսօր իրականացնում է Համահայկական հիմնադրամը, սակայն զուտ տնտեսական ոլորտում:
-Շատ է խոսվում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մասին, արդյո՞ք սփյուռքն իր մարդկային և ֆինանսական ներուժով չի կարող հակակշիռ հանդիսանալ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը» և ի՞նչն է խանգարում դրան։
– Խոսել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մասին, չի նշանակում այն դիտել իբրև հաղթական և ամենակարող: Սփյուռքն իր մարդկային և ֆինանսական ներուժով ոչ միայն հավասարակշռում է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», այլև բազում հարցերում ի չիք դարձնում նրանց ջանքերը: Վկան՝ հայկական լոբբիի ջանքերով Ազատության ակտի 907 ուղղումը, որի համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվել է զենք չվաճառել Ադրբեջանին, ԼՂՀ-ի ճանաչումը ԱՄՆ-ի մի շարք նահանգային և քաղաքային օրենսդիրների կողմից, Մինսկի խմբի համանախագահների՝ օրեցօր փոփոխվող կարծիքը Արցախի հիմնախնդրի հարցում և այլն: Օրինակներ շատ կարելի է բերել:
-Արդյո՞ք այս տարիների ընթացքում սփյուռքի մոտ չի փոփոխվել այն ոգևորությունը, որը կար համազգային պրոյեկտների իրականացման ժամանակ ՝ օգնել հայրենիքին թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական հնարավոր միջոցներով։ Գուցե «Համահայկական խորհրդի» կյանքի կոչելը հենց այս փոփոխությա՞մբ է պայմանավորված՝ նոր թափ փոխանցել Հայաստան-Սփյուռք համագործակցությանը։
– Չեմ կարծում, թե այս տարիների ընթացքում փոխվել է ոգևորությունը համազգային ծրագրերի իրականացման առումով: Ավելի շուտ հակառակն է: Դրա վկայությունն է թեկուզ այն, որ անշեղորեն ավելանում է սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը նախարարության ծրագրերին: Փոխվել է նաև սփյուռք-Հայաստան ծրագրերի ուղղվածությունը, մանավանդ, երբ, ՀՀ Նախագահը հայտարարեց, թե այլևս անցել են ժամանակները, երբ Հայրենիքը կարոտ էր սփյուռքի օգնությանը:
Ժամանակն է, որ սփյուռքահայը իր շահն ունենա Հայաստանում, ներդրումներ անի, օգուտ ստանա դրանից: Ահա թե ինչու բազմաթիվ սփյուռքահայեր իրենց գործն են սկսել Հայաստանում և Արցախում՝ տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որից շահում են իրենք և Հայրենիքը: Այս առումով «Համահայկական խորհրդի» կյանքի կոչելը որևէ կերպ չի կարող կապվել սփյուռքահայ մեր հայրենակիցների մեջ ոգևորություն առաջացնելու և նրան նոր թափ հաղորդելու նպատակի հետ: