«Ականատեսը». 102-ամյա Արշալույս Մուրադյանը «էրգիրը» նորից տեսնելու հույսը չի կորցնում (տեսանյութ)

«Արմենպրես» լրատվական գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» նախագիծը շարունակում ներկայացնել Ցեղասպանության ականատես-վերապրողների հուշերը: Այս անգամ ստեղծագործական խումբն այցելել է Արմավիրի մարզ:
Արշալույս Մուրադյանը Արարատի մարզի Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի ամենատարեց բնակիչն է:
Նա ծնվել է 1912 թվականին Տաջկահայաստանի (Արևմտյան Հայաստանը սփյուռքահայերն անվանում են նաև Տաջկահայաստան) Խնուսի շրջանի Գոպալ գյուղում կամ, ինչպես ինքն է անվանում,«էրգրում»:
«Կարծում ես, մեր կամքո՞վ ենք եկել… Թուրքը հարձակվեց, կոտորեց, եկանք այտեղ: Աստծուն փառք, ապրանք»,- անցյալի մասին վերհուշն այսպես է սկսում 102-ամյա կինը, ով երեք եղբայր է ունեցել: Նրան փրկելու համար ծնողները` Եղիազարն ու Նվարդը իրեն դրել են սայլի մեջ ու ծածկել խոտով:
Ականատեսը հիշում է, որ շատերն էին երեխաներին թաքցնելու, գերությունից փրկվելու համար հենց այս «հնարամիտ» եղանակն ընտրել: Ընտանիքն առանց զոհերի հասել է Արևելյան Հայաստան:
Սկզբնական շրջանում հաստատվել Ալագյազ գյուղում, այնուհետև` Ակնալիճում:
«Հայրս բարձրագույնն ավարտած մարդ էր: Էրգրում ապրում էին էլի, բայց թուրքի տիրապետության տակ էին ապրում»,-նկատում է Արշալույսը` մտաբերելով ևս մեկ դրվագ, որը ծնողներից է լսել:
«Թուրքերը քառասուն երիտասարդի գցեցին մարագն ու վառեցին: Շատ դաժան օրեր են տեսած մեր հայերը թուրքի ձեռքը»,- ասում է տարեց կինը: 1933 թվականին պատմության հերոսուհին ամուսնանում է իր համերկրացի Սահակի հետ, ունենում տասը երեխա: Չնայած կյանքում տեսած բազում դժվարություններին` իրեն բախտավոր է համարում: Տատմեր Արշալույսն իրենց գյուղում ավելի քան հարյուր երեխայի է օգնել լույս աշխարհ գալ:
Բացի այդ, նա նաև զբաղվել է դաշտային աշխատանքներով, բանվորությամբ: Գյուղի այսօրվա ամենատարեց բնակիչը խոստովանում է, որ ուշադրության և հարգանքի պակաս չի զգում: Հարցին, թե կցանկանար» երբևէ վերադառնալ հայրենիք, ականտեսն ունի կարճ պատասխան. «Բա չե՞մ ուզում, հիմա էլ տանես կգամ, արի իրար հետ գնանք»,- առաջարկում է նա: Արշալույսը վստահ է, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու թուրքերի քաղաքականությունը երկար կյանք չի ունենա: Հայերին նա համարում է քաջ ժողովուրդ:
Պատմության հերոսուհին ունի առողջ լինելու իր բանաձևը: Կտրականատես հրաժարվում է սուրճից, քաղցրեղենից և մսեղենից` փոխարենը նախընտրելով կաթնամթերքը: Իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեն հավատը, անդավաճան սերն առ Աստված:
«Ինչպե՞ս կարելի է Աստծուն չհավատալ»,- վրդովված նկատում է նա:
Որդուն մեկ տարի առաջ է կորցել, ինչը խոր վիշտ է պատճառում տարեց կնոջը: Նրա առօրյան փոքրիշատե լցվում է ուրախությամբ, երբ այցի է գալիս 80-ը բոլորած հարևանուհին` Անահիտը, ում հետ երկար զրուցում են տարբեր հարցերի շուրջ: Ընտանիքի ամենամեծ անդամին Մուրադյանները շրջապատել են հոգատարությամբ: Ժպիտով են պատմում տատիկի` հայկական արտադրության հեռուստասերիալների նկատմամբ սիրո մասին: Երեք տարի առաջ ողջ գերդաստանով նշել են Արշալույս տատի 100-ամյակը, ինչի ժամանակ նա երգել է, անգամ պարել: Ականատեսը շատ է ցանկանում, որպեսզի բարությունն ու խաղաղությունը տիրեն աշխարհում, երիտասարդներն էլ լինեն երջանիկ և առողջ:
Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի