Այսօր հայերեն առաջին պարբերականի՝ «ԱԶԴԱՐԱՐ»-ի հիմնադրման օրն է

Հայ ժողովուրդը, դեռևս վաղնջական ժամանակներից սկսած, մշտապես կարևորել է գիրն ու գրականությունը, լուսաբանել է հայ մտքի հոգևոր զարգացման բոլոր նվաճումները:

Արժևորելով հայ տպագիր խոսքի հզոր ուժը՝ հիմնել է տպարաններ, ստեղծել բազմաթիվ և բազմաբնույթ հանդեսներ, ամսագրեր, ամսաթերթեր ու օրաթերթեր, տարածել դրանք աշխարհի տարբեր ծայրերում հայերով բնակեցված վայրերում: Հայ ինքնությունը պահելու, պահպանելու զորավոր միջոց եղավ գրավոր խոսքի, տպագիր մամուլի հանդեպ տածած հոգածությունն ու սերը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»  հայերեն առաջին գրավոր խոսքը, հայերենով առաջին տպագիր գիրքը՝ «Աստվածաշունչը», վկայություններն են վերը նշվածի:

Պատմական բոլոր արհավիրքների ժամանակ հայն առաջին հերթին փրկել է սրբություն համարվող գրքերը, հնատիպ ձեռագրերն ու հոգևոր մեծ արժեքները, ինչպես կփրկեր իր զավակներին:

Աշխարհով մեկ սփռված հայկական հինավուրց գաղթօջախներում տարբեր ժամանակներում հիմնադրվել է մեծ հնչեղություն ունեցող և հասարակության ուշադրությունը իր վրա սևեռող տպագիր մամուլ, սակայն դրա նախահայրը եղավ Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-96 թթ. հրատարակված   «Ազդարար» հայերեն առաջին պարբերականը, որի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը: «Ազդարար»-ն ունեցել է ընդամնեը 18 համար, այն հրատարակվել է գրաբարով, ինչ-որ չափով՝ Նոր Ջուղայի և հնդկահայ  բարբառներով:

«Ազդարար»-ը թևածել է Մադրասում, նոր Նախիջևանում, Կ. Պոլսում, Էջմիածնում և այլուր:

Պարբերականում արծարծվում էին գրական, պատմագիտական նյութեր, թարգմանություններ, հնդկահայության, մասնավորապես՝ մադրասահայության կյանքի կարևոր անցուդարձերը:

1970 թվականին, երբ նշվում էր «Ազդարար»-ի 175-ամյակը, «Գալուստ Կյուլպենկյան»  հիմնադրամը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ազդարարը»:

Նորագույն ժամանակներում մարդկային մտքի զարգացման թռիչքների, նորարական տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի մարդկությունն ապրում է ավելի շատ մեքենայացված տեղեկատվական դաշտի միջակայքում՝ սնվելով համացանցը հեղեղած տարատեսակ կայքերից, նրանց տեղադրած, հաղորդած լուրերից, բազմաբովանդակ նյութերի խճանկարից… Սակայն տպագիր մամուլը եղել և մնում է մնայուն և առաջնորդող, արժեքավոր, ծանրակշիռ, հեղինակավոր պատմական փաստ, իրողություն, ինչ-որ տեղ նաև կենաց մատյան, վավերագրություն:

Այսօր մամուլի օրն է, այսօր հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը դարձավ 220 տարեկան… Այսօր դարերի հեռվից  մեր խոնարհումն ու երախտագիտությունն ենք  հայտնում «Ազդարար»-ի հիմնադիր- խմբագիր Հարություն Շմավոնյանին՝ իր  մեծագործության համար:

Կարինե  Ավագյան

Scroll Up