Եւս մեկ նորակառույց դպրոց՝ Արցախում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/124-300x225.jpg)
Երեկ Արցախում կայացել է ևս մեկ հանրակրթական հաստատության՝ Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, դպրոցական շենքի կառուցման հովանավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև կրթօջախի ուսուցիչներն ու աշակերտությունը:
Դպրոցի մուտքի մոտ բարձրաստիճան հյուրերին ավանդական աղուհացով դիմավորեցին կրթօջախի տնօրեն Վիլեն Ղահրամանյանն ու աշակերտության ներկայացուցիչները։
Շնորհակալություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին, նոր դպրոցական շենքի կառուցմանն աջակցած հովանավորին և շինարարներին, կրթօջախի տնօրենը բացման խոսքում նշեց, որ նորակառույց դպրոցում աշխատելն ու սովորելը կրկնակի պարտավորեցնող է մանկավարժների և աշակերտների համար։ Իր ելույթում նա համառոտակի ներկայացրեց այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք ունեցել են մանկավարժական կոլեկտիվն ու դպրոցականները։ Տնօրենը հավաստիացրեց, որ այսուհետ ևս դպրոցում կարվի հնարավորն ու անհնարինը՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում առաջատար լինելու համար։
Իր հերթին՝ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը շնորհավորանքի խոսքում նշեց, որ ԼՂՀ իշխանությունների և Արա Աբրահամյանի նման բարերարների համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում արվում է հնարավոր ամեն ինչ՝ հանրակրթական հաստատությունների մանկավարժական և աշակերտական անձնակազմերի գործունեության և կրթության համար բարվոք պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Նախարարն աշակերտներին հորդորեց լավ սովորել նորակառույց դպրոցում և, որպես գնահատանք՝ խորը գիտելիքների ձեռքբերմամբ դառնալ Արցախի հիմնասյունը։
«Այս դպրոցը ջերմությամբ, նվիրումով ու սրտանց է կառուցվել»,- դիմելով ներկաներին՝ ասաց բարերար Արա Աբրահամյանը, հույս հայտնելով, որ նման նորակառույց կրթօջախը աշակերտների համար լավ սովորելու և գիտելիքներ ձեռբերելու հիմք կհանդիսանա։ Նա շնորհակալություն հայտնեց Նախագահ Բակո Սահակյանին կրթական համակարգի խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։ Ա. Աբրահամյանը, որպես նվեր դպրոցին հանձնեց նաև նոր սերնդի 20 համակարգիչ։
Նորակառույց դպրոցական շենքն օրհնեց և օծեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իսկ մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց կրթօջախի տնօրեն Վիլեն Ղահրամանյանին և բարերար Արա Աբրահամյանին։
Նշենք նաև, որ նորակառույց դպրոցի շենքն ունի 25 դասասենյակ, լաբորատոր և համակարգչային կաբինետներ, մարզադահլիճ, առանձին ջեռուցման համակարգ՝ իր կաթսայատնով և նախատեսված է 650 աշակերտի համար։