Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումներ Մոսկվայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/220px-Mesrop1776t.jpg)
Հոկտեմբերին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է վեց սուրբ թարգմանիչների հիշատակի օրը` Մ.Մաշտոցի, Եղիշեի, Մ.Խորենացու, Դ.Անհաղթի, Գ.Նարեկացու և Ն.Շնորհալու:
Տոնի կապակցությամբ թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Սրբազանի օրհնությամբ ՀԱԵ Մոսկվայի ընդունելությունների տան դահլիճում կազմակերպվել էր համերգ՝ նվիրված սուրբ թարգմանիչներին:
Ելույթներով հանդես եկան «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի պարային «Հայասա», Դոնի Ռոստովից ժամանած «Անի» պարային խմբերը: Հնչեցին Մաշտոցի, Խրենացու, Նարեկացու և Շնորհալու հոգևոր երգերը: «Անի» անսամբլի սաները ներկայացրին ժողովրդական կոմպոզիտորներ-գուսանների երաժշտությունը և ժողովրդական երգեր: Ինչպես տեղեկացրեց ՌԴ Ռոստովի մարզի Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևորդ առաջնորդ հայր Թադեոս Գամբարյանը, Ռոստովի մարզի Մյասնիկովսկու շրջանում բնակվում են մոտ 45 000 հայեր: Անսամբլի գործունեությունը նպաստում է, որպեսզի երգ ու պարի միջոցով տեղի հայերը ծանոթանան հայ ազգային մշակութային արժեքներին, ճանաչեն հայ պարային արվեստը:
Համերգը եզրափակեց Եզրաս Սրբազանի ելույթը, ով բարձր գնահատելով մասնակիցների ելույթները օրհնեց ներկաներին և ցանկացավ նորանոր հաջողություններ՝ պարային և երգչախմբային արվեստի միջոցով հայապահպանության տարածման ազգանվեր գործում:
«Թարգմանչաց տոնը» նշվեց նաև սեպտեմբերի 28-ին Մոսկվայի «Գոլդեն Պալաս» համալիրում՝ «Ռուսաստանի Հայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Իր բացման ելույթում ՌՀՄ նախագահ Ա.Աբրահամյանը ներկաներին հիշեցրեց այն մեծ դերի մասին, որն ունեցել է հայ թարգմանչական մշակույթը ժողովուրդների պատմության մեջ: Անտիկ շրջանի բազմաթիվ գրեր պահպանվել են հայերեն թարգմանվելու շնորհիվ: Նա ընդգծեց ՌՀՄ հիմնական նպատակներից մեկը` 5-րդ դարից մեզ հասած հայոց լեզվի, գրականության պահպանումը:
Միջոցառմանը ներկա էր նաև Մոսկվայի կառավարության միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի նախագահի տեղակալ Յու.Նուժդինը, ով նշեց, որ այս տոնը ավելի վառ և հետաքրքիր է դարձնում Մոսկվայի հոգևոր կյանքը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայ մատենագրության օրերը Մոսկվայում կազմակերպվում են Մոսկվայի Կառավարության աջակցությամբ և հույս հայտնեց, որ տարեց տարի այս միջոցառումը կունենա ավելի լայն շրջանակ:
Բացման ելույթներին հաջորդեց հագեցած համերգային ծրագիր, կամերային նվագախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, ընթերցվեցին հայրենասիրական բանաստեղծություններ: Հնչեցին շնորհավորական ուղերձներ:
Միջոցառման շրջանակներում գործում էր նաև հայ գրքերի ցուցահանդեսը, ուր ներկայացված էին նաև հայ նկարիչների և լուսանկարիչների աշխատանքները:
Հայ մատենագրության օրվա շրջանակներում կազմակերպվել էր նաև գրականագիտական-երաժշտական երեկո, մոսկովյան հայտնի գրողների, հայերենից ռուսերեն թարգմանիչների մասնակցությամբ:
Մոսկվայի Պետդուման ներառել է Հայ մատենագրության օրը մայրաքաղաքի համաքաղաքային տոների շարքում:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: