Կանադայում տեղի է ունեցել սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի մենահամերգը
Հոկտեմբերի 3-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հայտնի սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի մենահամերգը` դաշնակահարուհի Լոլիտա Պողոսյանի նվագակցությամբ։
Հայրապետ Առաքելյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է և համերգային ծրագրերով է հանդես եկել համաշխարհային հռչակ ունեցող Բոստոնի սիմֆոնիկ, Վիեննայի ռադիո սիմֆոնիկ, Ռուսաստանի պետական կամերային և մի շարք այլ նվագախմբերի հետ:Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով կարևորեց տաղանդաշատ հայ երիտասարդներին արտասահմանյան հանդիսատեսին ներկայացնելը, ընդգծեց հարուստ հայկական մշակույթի ներկայացման հրամայականը:
Հնչեցին ֆրանսիական, գերմանական, արգենտինական և հայկական երգահանների մի շարք ստեղծագործություններ: Համերգին ներկա էին դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայրապետ Առաքելյանը համերգներով հանդես եկավ նաև կանադական Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում: