Հարցազրույց Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Թորգոմ վրդ. Տոնոյանի հետ

Իրանի «Ալիք» օրաթերթը հարցազրույց է տպագրել դպրեվանքի տեսուչ Թորգոմ վրդ. Տոնոյանի հետ: Զրույցի ընթացքում նա բացատրություններ է փոխանցել դպրեվանքում ծավալվող աշխատանքների եւ 85-ամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների մասին:

– Հայր Տոնոյան, կխնդրեմ հակիրճ պատմական տվյալներ փոխանցեք դպրեվանքի մասին:

– Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը մինչեւ 1915 թ.-ը գտնվում էր Կիլիկիո կաթողիկոսության մայրաքաղաք Սիսի մեջ: 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանության օրերին մեր մեկուկես միլիոն հայ նահատանկների շարքում էին նաեւ մեծ թվով հոգեւորականներ, պղծվեցին մեր բազմաթիվ սրբություններ եւս: 1915 թ.-ին Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր հայրապետով եւ քանի միաբան հայրերով դուրս դրվեց պատմական Կիլիկիա քաղաքից եւ 1930 թ.-ին 15 տարիների թափառումից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը եւ դպրեվանքը հաստատվեցին Անթիլիասի մեջ` Լիբանան: Դպրեվանքը հաստատված է 1930 թ.-ին: Դպրեվանքի ոգեղեն ճարտարապետներն են` Սահակ Խաբայան կաթողիկոսը, Բաբգեն աթոռակից կաթողիկոսը եւ Շահե եպս. Գասպարյանը:

Երեք տիպար հոգեւորականներ միասնաբար ձեռք-ձեռքի տված կարողացան մեկ այլ երկրի մեջ հիմնել դպրեվանքը, որը պետք է մեր ժողովրդին տար հոգեւոր դաստիարակներ, պիտի դաստիարակեր ուսուցիչներ, մտավորականներ եւ ազգային գործիչներ: 1930 թ.-ից մինչեւ 1978 թ.-ը դպրեվանքը գործեց Անթիլիասի մեջ, պարբերաբար որոշ շրջան բարձրացավ Բիքֆայա եւ Ս. Աստվածածին վանքի մեջ ունեցավ կրթական կարճ ժամանակաշրջան:

1978 թ.-ից սկսյալ դպրեվանքը մնայուն գտնվում է Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքի մեջ եւ մենք պատրաստվում ենք 2015 թվականին նշել դպրեվանքի վերածննդյան 85-րդ ամյակը:

– Ին՞չ կասեք դպրեվանքի կրթական ծրագրերի վերաբերյալ:

– Դպրեվանքը որպես վանք, որպես դպրոց, որպես կրթական մեկ ամբողջություն է: Դպրեվանքի մեջ հոգեւոր սնունդ ստանալու կողքին մեր աշակերտները կստանան նաեւ մտավոր զարգացում եւ ոգեղեն կրթությամբ նրանք կրթվում են որպես պատանիներ եւ պատրաստվում են դառնալու տիպար հոգեւորականներ կամ աշխարհիկ ազգային գործիչներ: Դպրեվանքի մեջ դասավանդվում են զանազան նյութեր:

Դպրեվանքի ուսումնական շրջանը երկու բաժիններ ունի. առաջինը ժառանգավորաց բաժին, որտեղ ուսանողները սովորում են գիտական նյութեր, լեզվական նյութեր, հայոց պատմություն եւ Հայաստանի աշխարհագրություն:

Երկրորդ բաժինը կոչում ենք ընծայարան, որտեղ դպրեվանքի ուսանողները սովորում են աստվածաբանական նյութեր, անցնում են հայերենագիտական դասընթացներ, պատմական դասընթացներ սովորում են հասարակագիտական-եկեղեցագիտական նյութեր եւ 22-ից 25 առարկաներ են սովորում այդ բաժնում:
դպրեվանքի ուսանող կարող է դառնալ 12 տարեկանը լրացրած պատանին, երբ ավարտել է 6-րդ դասարանը: Մեր դռները բաց են յուրաքանչյուր հայ ուսանողի դիմաց, որը պատրաստ է իրեն զգալ դպրեվանցի եւ դպրեվանքի մեջ որպես գիշերօթիկ ուսանելու, զարգանալու եւ այդտեղ մնալու, որպեսզի պատրաստվի ապագա ծառայության: Դպրեվանքի ուսանող կարող են դառնալ բոլոր ավելի մեծ տարիքով ուսանողներ, որոնք պատրաստակամություն են հայտնում ուսանել եւ դառնալ հոգեւորական:

Նշվելու է դպրեվանքի 85-ամյակը: Ինչ կասեք այդ մասին:

– Գտնվում ենք դպրեվանքի 85-ամյակի սեմին: Դպրեվանքը ոգեղեն տաճար է, ինչպես մեր հայրապետներն են ասել` դպրեվանքը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության սիրտն է եւ բանաստեղծի բառերը փոխառնելով` մեր հայրապետները միշտ հետեւյալ ձեւով են բնութագրել դպրեվանքը` տաճար հրաշագործ, վսեմ ձուլարան, ուր կապարն հոսի, նյութը հոգի դառնա:

Իրապես, դպրեվանքը հանդիսանում է այն ոգեղեն կառույցը, ուր ուսանողներ, աշակերտներ, երիտասարդներ, այդտեղից անցնելով, մարդակերտման բովից են անցել: Այդտեղ գտնվող մեր ուսուցիչները, հոգեւորական թե աշխարհական ծաղկազարդել են նրանց հոգիները:

85-ամյակի շեմին մենք պատրաստվում ենք զանազան ձեռնարկներ կազմակերպել. մտածում ենք մի շարք հրատարակություններ իրականացնել, տեսահոլովակներ պատրաստել, որպեսզի դպրեվանքի կյանքը, առօրյան եւ պատմությունը դարձնենք մեր ժողովրդի սեփականությունը:

Պետք է ավելացնեմ, որ դպրեվանքը վայելում է անմիջական հովանավորությունը եւ հսկողությունը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի:

Վեհափառ Հայրապետի հսկողության ներքո է գործում տեսչությունը, այժմ տեսչությունը ունի երկու օգնական աբեղաներ` Տ. Շնորհք աբղ. Աշըգյանը եւ Տ. Գարեգին աբղ. Շխրտլյանը: Մենք ուսանողներ ունենք Սիրիայից, Լիբանանից, Թեհրանից, Հունաստանից, նաեւ հեռավոր Մալայզիայից: Մենք հրավիրում ենք մեր ժողովրդի զավակներին, որ իրենց աշակերտներին ուղարկեն դպրեվանք:

85-ամյակի ծրագրերի շարանում է պաշտոնական մի ձեռնարկ, որի ընթացքում առիթը պետք է ունենանք` լայնորեն եւ ըստ պատշաճի տոնախմբելու այս ոգեղեն տաճարի 85-ամյակը: Այս հույսերով ու խոհերով եւ հոգեկան մեծ ուրախությամբ պետք է ավետեմ համայն հայությանը, որ դպրեվանքը հզոր կառույց է, որովհետեւ այդտեղ կա Աստծու օրհնությունը: Դպրեվանքում ուսանում են շուրջ 60 ուսանողներ, այս տարի ընդունել ենք շուրջ 20 նորեկներ եւ այսպիսով` մեր թիվը կբարձրանա 80-ի: Շենքի սահմանափակ լինելու պատճառով` 60-ից ավելի աշակերտներ ընդունելու հնարավորությունը չունենք:

Որպես դպրեվանքի տեսուչ, ի՞նչ ակնկալիք կա Սփյուռքից:

– Բոլորս կարող ենք նպաստել դպրեվանքին, մեկը գրչով, մեկը մտքով, մեկը կարողությամբ: Մեր սպասումն է, որ յուրաքանչյուր հայ 85-ամյակի սեմին մի ինչ որ ձեւով նպաստի դպրեվանքին, իսկ մեր ժողովրդի զավակները ամեն բանից առաջ կարող են աղոթել դպրեվանքի հաջողության համար, որովհետեւ սփյուռքյան կյանքում գործող այս ոգեղեն կառույցը անցնող 85 տարիներին շատ մեծ ներդրում ունեցավ սփյուռքյան կյանքում: Դպրեվանքը մեզ շնորհել է 4 կաթողիկոսներ, բազմաթիվ եպիտսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, կուսակրոն հոգեւորականներ ու քահանաներ, ազգային գործիչներ եւ մտավորականներ, երաժիշտներ:

Ին՞չ կասեք Թեհրան այցի կապակցությամբ:

-Ես կուզեմ շնորհակալական խոսքս ասել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին, որ 5-րդ անգամը լինելով ինձ հրավիրեց Թեհրան եւ Իրան:

Թեհրանի մեջ առիթ ունեցա, որ քարոզների եւ հավաքական զրույցների միջոցով լինել մեր ժողովրդի զավակների մեջ:

85-ամյակի շեմին ես առաջին ձեռնարկը համարում եմ սա: Նախքան 85-ամյակը` արդեն միջամուխ ենք եղել ձեռնարկների եւ առաջին օղակը կազմակերպել է Թեհրանի հայոց թեմը` գլխավորությամբ թեմի առաջնորդի: Այցի ընթացքում առիթ ունեցանք խոսել Թեհրանի հայոց դպրոցների կրոնի եւ Կիրակնօրյայ դպրոցների ուսուցիչների հետ, որ իրենք իրենց հերթին դառնան դպրեվանքի դեսպանները եւ քաջալերեն երիտասարդներին, խոսեն դպրեվանքի կարեւորության մասին, որպեսզի իրանահա համայնքից եւս դպրեվանքին տրամադրվեն փայլուն ուսանողներ, որպեսզի նրանք եւս իրենց ուսումը ստանալով եւ ճանապարհը ընտրելուց հետո` հետ վերադառնան իրենց ժողովրդին ու համայնքին ծառայելու համար:

– 85-ամյակի ծրագրերի մասին կա՞ ավելացնելիք, համեցեք:

– 85-ամյակի ծրագրերի շարանում, հատկապես հրատարակչական բաժնում ցանկանում ենք տպագրել աղոթագիրք` դպրեվանքի անունով եւ դպրեվանեցիների աղոթքների ամբողջությունը:

Տպագրել մի հատոր, որը հավաքածո լինի` խոհերի, գաղափարների, մտածումների ու գրությունների, որոնք արգասիքն են դպրեվանքի մեծ ուսուցիչների, ազգային գործիչների, նաեւ հայ եւ ոչ հայ մտավորականների տեսակետների ու արտահայտությունների` կապված դպրեվանքին: Մտադիր ենք տպագրել մեկ այլ գիրք եւս, որ արտացոլի դպրեվանքի 85 տարիների խորհրդանշական պատմությունը եւ մեր ժողովրդի կյանքում դրսեւորած նպաստը: կհուսանք, որ կարելի լինի տպագրել հիշյալ 3 գրքերը: Դպրեվանքը տպագրում է նաեւ փոքր աղոթագրքեր, էջադիրներ, գրքույկներ, եւ կտրամադրվի ժողովրդին, որպեսզի ժողովուրդը դպրեվանքի ճանապարհով հաղորդակցության մեջ մտնի Աստծու հետ:

Սփյուռքյան գաղթօջախներում հայոց լեզվի եւ կրոնի ուսուցիչների վերապատրաստման հարցով ի՞նչ աշխատանքներ է ծավալում դպրեվանքը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

– Այդ հարցով ծրագրեր է իրականացրել կաթողիկոսարանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի անմիջական հովանավորությամբ, կաթողիկոսարանի հայագիտական եւ կրթական գրասենյակը զանազան առիթներով կազմակերպել են հայոց պատմության, հայոց լեզվի եւ կրոնի ուսուցիչների սեմինարներ, երիտասարդական հատուկ սեմինար, որոնք կազմակերպվում են զանազան բաժանմունքների կողմից` անցնող 20 տարիների ընթացքում:

Ինչքան տեղյակ ենք, Բիքֆայայի վանքը վերանվանվել է Ս. Աստվածածին վանք, կխնդրեմ արտահայտվեք այդ մասին:

– Անցնող օգոստոսին Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով մատուցված ս. պատարագի ընթացքում, երբ Արամ Ա կաթողիկոսը իր պատգամն էր հղում ավելի քան հինգհազար հավատացյալների, որոնք բարձրացել էին Բիքֆայայի վանքը, որպեսզի հաղորդակից դառնան ս. պատարագին եւ օրվա խորհրդով լցվեն, Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բիքֆայայի վանքը վերջնականապես կոչեց Ս. Աստվածածին վանք: Անցնող տարիների ընթացքում զանազան կոչումներ էր ունեցել Բիքֆայայի վանքը:

Երբեմն կոչվել էր դպրեվանք, Բիքֆայայի վանք, կաթողիկոսության ամառանոց կամ Աստվածածին վանք, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ Վեհափառ Հայրապետի կողմից լսենք նման հայտարարությունը, որ այսուհետեւ Բիքֆայայի բարձունքներում գտնվող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վանքը կոչվում է Ս. Աստվածածին վանք:

Շուրջ երեք տարի է, ինչ վանքի ընդարձակման համար աշխատանքներ են ծավալվում: Ս. Աստվածածին վանքի մեջ են գտնվում` դպրեվանքը, Ս. Աստվածածին մատուռը, վեհարանը, հյուրանոցը, կառուցվել է միաբանական նոր շենք, կառուցվել է նահատակաց խորանը եւ անցնող օգոստոսին օծվեց այդ խորանը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին: Բիքֆայայի բարձունքի վրա է գտնվում նաեւ Ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանը, այլ խոսքով` Բիքֆայայի վանքը, որը այսուհետեւ կոչվելու է Ս. Աստվածածին վանք, դարձել է համալիր, որտեղ ներդաշնակություն է տիրում հոգեւոր ու ազգային արժեքների միջեւ:

Մեզ համար ուրախություն եւ պատիվ է հայտարարելու, որ առաջին անգամը լինելով` 2015-ի հուլիսի 18-ին Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մյուռոնօրհնեքի արարողություն է կատարելու Անթիլիասից դուրս, որովհետեւ 1930-ից մինչեւ 2008 թ. Մյուռոնօրհնեքը միշտ կատարվել է Անթիլիասի մայր տաճարի կամ կաթողիկոսարանի մեջ:

Առաջին անգամը լինելով` Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարվում է կաթողիկոսարանից դուրս, բայց կաթողիկոսարանի հովանու տակ գտնվող մեկ այլ կենտրոնի մեջ` Ս. Աստվածածին վանքի մեջ: Ահավասիկ, կոչ ենք ուղղում մեր հավատացյալ ժողովրդին, որպեսզի առաջիկա տարի 2015-ի հուլիսի 18-ին Լիբանանի մեջ մասնակցեն Ս. Աստվածածին վանքի մեջ տեղի ունեցող Մյուռոնօրհնեքի արարողությանը, որըպետք է կատարվի Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

– Եթե վերջում ունեք ավելացնելիք, համեցեք խնդրեմ:

– «Շատ տպավորիչ էր: 2-րդ անգամն է, որ ես մասնակցում եմ այս համագումարին, որը 10-ամյայ անցյալ ունի եւ հովանավորվում է Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի կողմից:

Շատ գեղեցիկ պահեր ապրեցի, տեսնելով մեր ուսուցիչների ծարավը` գիտելիքներ ձեռք բերելու հանդեպ: Իրապես բացառիկ առիթ էր: Այս համագումարները առիթ էին ինքնաքննության եւ վերազարթոնքի, հանդեպ քրիստոնեական հավատքի եւ հայկական արժեքների:

Վերջում դպրեվանքի տեսուչը իր երախտագիտության խոսքն ուղղեց «ալիքե օրաթերթին` ասելով, որ հարցազրույցի միջոցով արտացոլեց դպրեվանքի ներկա աշխատանքները եւ 85-ամյակի գծով տարվող ծրագրերը:

«Տեսուչ նշանակվելուց հետո` սա իմ առաջին զրույցն է օրաթերթի հետ: Հուսամ` առավել ծաղկի արդեն ծաղկուն իրանահա համայնքը եւ թող այս ծաղկուն համայնքը միշտ մնա կանգունե,- ավելացրեց զրուցակիցը:

Զրուցավար`
Կարինե ԴԱՎԹՅԱՆ

Scroll Up