Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ կոնգրեսականներին
«Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը առաջացրել է ԱՄՆ կոնգրեսականների զայրույթը, ովքեր առանձին հայտարարություններով և սոցիալական մեդիայի միջոցով խստորեն դատարապարտել են այդ վայրագությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ողբերգության հիշատակը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին: «Ես խորապես վշտացած և վրդովված եմ Դեր Զորի` Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցու ավերումով:
Այս եկեղեցին կանգնեցվել է ոգեկոչելու և հարգելու դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակը:
20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականները քշվել են դեպի Դեր Զոր` այնտեղ ոչնչացվելու համար: Պատմության այս սարսափելի դրվագը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին»,- հայտարարել է Փալոնեն:
Նրա խոսքով` Միացյալ Նահանգների կառավարությունը և միջազգային մյուս գործընկերները պետք է միասնաբար աշխատեն պաշտպանել Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին` երաշխավորելով, որ քրիստոնյա հայերը այլևս չեն հայտնվի նման չարաբաստիկ գործողությունների թիրախում:
«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մենք պետք է հիշենք մեր պարտքը` կանխելու նպատակաուղղված գործողությունները աշխարի բոլոր հայերի դեմ և հետագա ցանկացած բռնություն»,- հավելել է Փալոնեն:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Թվիթերի իր միկրոբլոգում նշել է. «Խստորեն դատապարտում եմ ԻԼԻՊ-ի կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը Սիրիայում»:
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցու ականահարումը Սիրիայում ևս մեկ ապացույցն է Իրաքի և Սիրիայի միլիոնավոր բնակիչներին ահաբեկող զազրելի բարբարոսության: «Մենք պետք է աջակցենք միջազգային կոալիցիային, որ ներկայումս պայքարում է օգնել Սիրիայի և Իրաքի ժողովրդին ձերբազատվել այս քաղցկեղից»,- ասել է նա:
Սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Թվիթերում խստորեն դատապարտել է նաև կոնգրեսական Սենդի Լևինը:
Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: