Գարեգին Բ. Անհրաժեշտ է ապահով, շեն ու կենսունակ պահել Սփյուռքը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ներկա գտնվեցին «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց համաժողովի մասնակիցներին:
Ամենայն հայոց հայրապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ եկել ենք ողջունելու ձեզ «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի առիթով և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու համաժողովի աշխատանքներին: Ուրախ է մեր հոգին, որ աշխարհասփյուռ մեր համայնքներից, Արցախից ու Հայաստանից վերստին համախմբվել եք` միասնաբար, պատրաստակամ ու հանձնառության ոգով քննության առնելու մեր կյանքի հրատապ խնդիրները, որոնք անհրաժեշտ ուշադության և վճիռների կարիքն ունեն ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Նույն տեսիլքն ունենք` պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր Հայրենիքը և ապահով, շեն ու կենսունակ պահել Սփյուռքը: Այս նպատակների համար մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է հանձն առել, միավորվել ազգաշահ ու հայրենաշեն ծրագրերի շուրջ, որոնցում կարևոր դեր են ունեցել նաև «Հայաստան-Սփյուռք» համաժողովները»:
«Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը և սերտ գործակցությունը մեր կյանքի հրամայական է: Այս գիտակցությամբ մեր ժողովուրդը թեև աշխարհասփյուռ` շարունակում է մնալ մեկ ամբողջություն, հոգևոր մեկ ներաշխարհ` նույն ինքնությամբ, ձգտումներով ու հույսերով:
Մեր այս հավաքը կարևորվում է նաև նրանով, որ գումարվել է նախօրյակին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, որը ազդակ պիտի դարձնենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր մեր արժեքների անխաթարության և ազգային ինքնության գիտակցության զորացման, միասնականության և լուսավոր մեր գալիքը կերտելու կամքի ու լավատեսության ամրապնդման: Այս նպատակին պետք է ուղղվեն պետական, եկեղեցական, ազգային, անհատական մեր անմնացորդ ու ամբողջական ջանքերը, ուժերն ու ծրագրերը, որոնցում դուք նույնպես ունեք անմիջական մասնակցություն: Պիտի շարունակենք նաև մեր համակարգված գործունեությունը` ի խնդիր Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և մեր արդար դատի պաշտպանության: Հայ Եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, իր բոլոր կառույցներով օրակարգային առաջնահերթություններից է նկատում մեր ժողովրդի դեմ գործված Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը: Մեզ բոլորիս քաջալերում է այն իրողությունը, որ վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ երկրներ, պետական կառույցներ և կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչել են և շարունակում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` գիտակցելով, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար: Մեր Եկեղեցում ընթանում են նաև աշխատանքներ` ուղղված մեր անմեղ զոհերի սրբադասմանը, որը եկեղեցական կանոնով ու ծեսով պիտի կատարենք 2015 թ. ապրիլին, հավատով, որ մեր նահատակների հավատքի սխրանքը անմար հիշատակով պիտի հաստատի ու զորացնի մեր սերունդներին մարտիրոսյալ մեր նախնյաց սրբալույս հիշատակը մշտավառ պահելու, քրիստոնեական հավատքի զորացման, հայրենանվիրումի, ազգային արժեքների պահպանության ձգտումներում: 100-ամյա մեծ տարելիցին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն գործը կլինի, որ 2015 թ. բազմանան մեր ընտանիքները և աճեն զավակներով: Այս կոչն ենք ուղղում մեր ժողովրդին, երիտասարդ մեր ընտանիքներին:
Այսօր` աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաև մեր խնամքն ու ջանքերը` Սփյուռքում և Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով և ընթանան հավատքով, ամուր կանգնած` փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում: Տերունախնամ այս ուղիներով պիտի առաջնորդվենք դեպի մեր հայրենյաց բաղձալի եզերքներ և մեր կյանքի ոռոգյալ ափեր:
Ազգային մեր կյանքի մտահոգություններից են շարունակում մնալ հակամարտության իրավիճակներում հայտնված մեր ժողովրդի զավակաց խնդիրները: Տագնապահարույց է իրավիճակը Մերձավորարևելյան տարածաշրջանում, պատերազմական դրություն է Ուկրաինայում, որտեղ ունենք հայկական համայնքներ: Հատկապես Իրաքում և Սիրիայում իսլամիստների բռնություններն ու ահաբեկչական գործողությունները սպառնալիք են դառնում խաղաղ բնակչության, նաև` քրիստոնեական, այդ թվում հայ համայնքների համարª ստիպելով լքել իրենց բնակավայրերը: Սիրիայում հակամարտության բռնկման առաջին օրերից հորդորել ենք Սփյուռքի մեր Թեմակալներին հնարավոր բոլոր միջոցները գործադրելու` պետական, դիվանագիտական, միջազգային, էկումենիկ, իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների առջև բարձրաձայնելու խնդիրը, որպեսզի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումով տեղահանված ազգաբնակչությունը հնարավորինս շուտ կարողանա վերադառնալ սեփական օջախները և շարունակել իր խաղաղ կյանքը: Միաժամանակ կոչ ենք ուղղել` առավել ջանքեր ներդնել և քաջալերել հավատացյալ հայորդիներին` բարոյական ու նյութական աջակցությամբ սատարելու իրենց քույրերին ու եղբայրներին, որպեսզի հաղթահարեն փորձությունները, ինչպես նաև իրականացրել ենք Մայր Աթոռի ծրագրերը` օգնելով տուժած համայնքներին, Հայրենիք ներգաղթած հայորդիներին»,- ասել է Գարեգին Բ-ն: