Զարմիկ Պօղիկեան. «Մենք սիրիահայ գաղութի մեջ հույսի նշույլներ ունենք …»

Հակառակ Սիրիայում տիրող պատերազմի, կենցաղային, նյութական դժվարությունների, սիրիահայ համայքում կյանքը շարունակվում է: Մարդիկ փորձում են պահել համայնքի երբեմնի կենսունակությունը, մշակութային ձեռնարկներ են իրականացվում, օրեր առաջ տեղի ունեցավ դպրոցների վերամուտը: Այդ ամենն արտացոլվում է Սիրիայում լույս տեսնող միակ հայկական շաբաթաթերթի` «Գանձասարի» էջերում: Այս օրերին Հայաստանում է շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը, ում հետ և կխոսենք ինչպես թերթի աշխատանքների, այնպես էլ սիրիահայ համայնքի խնդիրների մասին:

Տիկի´ն Զարմիկ, Դուք մի քանի ամիս առաջ եք ստանձնել «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Սիրիայի, սիրիահայերի համար մի շատ պատասխանատու ժամանակաշրջանում, և անկախ բոլոր դժվարություններից լրատվամիջոցը կարողանում է հրատարակվել: Մեր զրույցը կցանկանայի, որ սկսեք փոքրիկ անդրադարձով` ներկայացնելով հատկապես վերջին շրջանում «Գանձասարի» կատարած աշխատանքները:

– «Գանձասարը» Բերիո Հայոց թեմի պաշտոնաթերթն է, Սիրիայում լույս տեսնող միակ հայերեն թերթը: 16 էջից բաղկացած պաշտոնաթերթը բովանդակում է ազգային, քաղաքակական, տեղական, արաբական, հայրենական և Սփյուռքին առնչվող լուրեր, մեր ազգային հարցերին առնչվող հոդվածներ, ունի նաև զանազան էջեր` մարզական, գրական, «Կկու» մանկապատանեկան բաժինը:

Ես յոթ ամիս է, որ ստանձնել եմ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Թերթը, հակառակ Սիրիայի տագնապալի վիճակի, անխափան կերպով շարունակում է հրատարակվել տպագիր օրինակով, ինտերնետային և ֆեյսբուքյան տարբերակներով: Հալեպի մեջ պետական թերթերն անգամ այս օրերին դադարել են հրատարակվել, միայն ինտերնետային տարբերակով են լույս տեսնում: Իսկ «Գանձասարը» շարունակեց, շարունակեց շնորհիվ մեր մտավորականների, որոնք մնայուն ձևով աշխատակցում են, շնորհիվ պատկան մարմնի, որն անտեսելով նյութական բոլոր դժվարությունները, նեցուկ կանգնեց թերթին: Իսկ դժվարությունները շատ են. ինտերնետի, էլեկտրական հոսանքի մնայուն անջատումներ, թղթի հայթայթման հետ կապված դժվարություններ:

Իմ գլխավոր նպատակն էր, որ այս շրջանում «Գանձասարը» դառնա սիրիահայ տագնապն արտացոլողը, աղբյուրը: Ունենք մնայուն հոդվածներ, որոնք Սիրիայի տագնապի մասին օրագրություններ են, լրատվական նյութեր, մեր առօրյայի հետ կապված քննադատական հոդվածներ, արտացոլում են հայրենիքում սիրիահայերի օժանդակության հետ տարվող աշխատանքները, Սփյուռքի համահայկական կառույցների աշխատանքը:

«Գանձասարի» տպաքանակը մինչև Սիրիայի տագնապը 1200 օրինակ էր, հիմա` 500 է, որը շաբաթական դրությամբ սպառվում է, որովհետև մարդիկ անպայման ցանկանում են մեկական օրինակ ունենալ: Նախ, որովհետև միակ հայերեն թերթն է և մայրենի լեզվով թերթ կարդալու հաճույքն են ուզում ապրել: Նրանց համար հավաստի աղբյուր է, որտեղ կգտնեն թե´ տեղական, թե´ հայրենական, թե´ Սփյուռքի տարբեր համայնքների հետ կապված լուրեր: Բայց, դժբախտաբար, տպագիր օրինակը միայն Հալեպի մեջ ենք կարողանում բաժանել:

– Ասացիք, որ «Գանձասարը» արտացոլում է սիրիահայ կյանքը: Դժբախտաբար, մենք ունենում ենք զոհեր, ավերածություններ, դպրոցներ, եկեղեցիներ են փակվում: Կարծում եմ` հեշտ չէ այդ ամենին անդրադառնալը:

– Այո, Հալեպի մեջ այսօր աղետալի վիճակ է, բայց մենք պարտավոր ենք իրապաշտ լինել, եղելությունը հաղորդել ընթերցողներին: Ներկայացնում ենք զոհերի, վիրավորների, աղետների, պայթյունների, եկեղեցիների հրակիզման մասին լուրեր, Քեսաբի ներխուժման ընթացքում լույս տեսավ բոլոր դեպքերի ժամանակագրությունը:

Այս ամենի կողքին պետք է ժողովրդին ապրելու հույս ներշնչել, որպեսզի դրությամբ այս դժվարությունները հաղթահարի, նվազագույն կաշկանդվածությամբ դուրս գա այս վիճակից: Քաղաքական, վերլուծական լուրերի կողքին մենք լույս ենք ընծայում գաղութի մշակութային աշխույժ առօրյան լուսաբանող նյութեր: Հակառակ բոլոր դժվարությունների, մշակութային, կրոնական ձեռնարկներ են իրականացվում: Հատուկ բաժին ունենք` «Նկարը կը խօսի», հալեպահայ քանդակագործ Վարդգես Բարսումյանը փորձում է մեր առօրյա տագնապները ծաղրանկարների միջոցով ներկայացնել, մի քիչ հումոր մտցնել կյանք, որպեսզի մարդիկ մի քիչ թեթև տանեն այս բոլոր դժվարությունները:

– Տիկի´ն Զարմիկ, Դուք նոր եք եկել Հալեպից: Հալեպում կյանքն այսօր երկու երես ունի: Մի կողմից պատերազմ է, իսկ մյուս կողմից, հաղթահարելով, անտեսելով բոլոր դժվարությունները, կյանքը շարունակվում է: Ինչի՞ շնորհիվ:

– Բարեբախտաբար, Հալեպը միշտ կազմակերպված գաղութ է եղել: Այս տագնապի ընթացքում մեր համայնքապետերի, կուսակցությունների, կազմակերպությունների համատեղ ջանքերով համայնքը կարողացավ պահել իր կենսունակությունը: Եթե տագնապի պահին մարդկանց ձեռք չմեկնես, եթե մեր համայնքապետերը, ազգային իշխանությունները մարդկանց զգացնել չտան, որ իրենց կողքին են, նրանք շատ դյուրությամբ կհուսահատվեն, կբարոյալքվեն, հեշտ անկումի կմատնվեն: Հալեպում շատ ծանր պայմաններ են, տնտեսական, կենցաղային մի շարք դժվարություններ կան, երբեմն մարդիկ իրենց հարազատներին են կորցնում, դժբախտաբար, զոհեր ենք տալիս: Այս բոլորի մեջ, սակայն, մենք ունենք հույսի նշույլներ գաղութի մեջ: Ունենք Սիրահայերի շտապ օգնության և վերականգնման մարմինը, որը ստեղծվել է 2012 թվականին: Այդ մարմինը կրում է երեք հովվապետերի հովանավորությունը, կազմակերպություններ, բարեսիրական միություններ նրան մաս են կազմում: Բոլորը աշխատում են օգնելու համար տագնապի մեջ ապրող սիրիահայերին:

Այս բոլորի կողքին մեր մշակութային միությունները, դպրոցները տակավին գործում են, աշխատում են հնարավորինս բնականոն ընթացքի մեջ պահել աշխատանքները, չնայած շատ ծանր պայմանների: Պատկերացրեք, մեր վարժարանները, որոնք գտնվում էին Նոր Գյուղ թաղամասում, իսկ այնտեղ մենք ունենք 4 ազգային վարժարան, այսօր բոլորը մեկ կառույցի մեջ են տեղափոխվել, առավել ապահով շրջան: Եվ դժվար պայմաններում շարունակում են գործել: Նույնն է մշակութային ձեռնարկների պարագայում: Ճիշտ է, նախկինում Հայաստանից արվեստագետներ էին գալիս, ավելի աշխույժ էին հարաբերությունները: Այսօր միությունները փորձում են տեղական ուժերի ջանքներով գործել և հույս ներշնչել մարդկանց:

Եվ, բարեբախտաբար, կյանքը Սիրիայում շարունակվում է, թեև ապահովական, տնտեսական առումով բավականին դժվարություններ կան: Վերջին շրջանում ապահովական առումով ավելի սաստկացած է դժվարութունների տարողությունը, որովհետև զինյալ ծայրահեղ խմբավորումները, որոնք ներխուժել են Հալեպ, անընդհատ թիրախ են դարձնում քրիստոնեական թաղամասերը: Եվ մենք, դժբախտաբար, ունենում ենք մարդկային զոհեր, որոնք ոչ մի կերպ առնչություն չունեն այս տագնապի հետ: Ապահովական վիճակը, կենցաղային դժվարությունները պատճառ են դառնում, որ մարդիկ ստիպված են լինում լքել քաղաքը: Երբեմն անորոշության են մատնվում, չգիտեն` մեկնել հայրենի՞ք, թե՞ ուղղվեն Լիբանան, Եվրոպա: Այս ամենը պատճառ է դառնում, որ գաղութի թիվն աստիճանաբար նվազում է, մեր կազմակերպ համայնքն աստիճանաբար նոսրանում է: Մենք չենք կարող համայնքի բոլոր զավակներին պարտադրել, որ ամեն գնով մնան Սիրիայում, որովհետև շատ դժվար պայմաններում են ապրում: Բայց եթե դուրս ենք գալիս, մեր փափագն է, որ նրանք Հայաստանում հաստատվեն: Մենք պետք է հայրենադարձության ծրագիր մշակենք, համադրված հայրենի պետական մարմինների, եկեղեցական կենտրոնների կողմից, որը կուղղորդի մարդկանց և դուր ելնողը հնարավորություն կունենա կայք հաստատելու հայրենիքի մեջ, ոչ թե Եվրոպա, Ամերիկա գնա:

– Տիկի´ն Զարմիկ, դուք հալեպահայ համայնքի կազմակերպվածության, միասնականության մասին խոսեցիք: Կցանկանայի, որ անդրադառնայիք նաև այն երիտասարդներին, որոնք պաշտպանում են հայկական թաղամասերը, հայկական դպրոցները, բնակարանները, պաշտպանում են` հայկական համայնքը:

– Մեր ակումբի հայ տղաները հերոսական աշխատանք են տանում հայկական բոլոր շրջաններում և հատկապես Նոր Գյուղի մեջ: Նրանք ոչ միայն ժողովրդի կենցաղային, առողջապահական կարիքներին են շտապում օգնության, այլև ապահովական առումով են նրանց հասնում: Եթե մի տեղ վիրավոր կա, անմիջապես հասցնում են հիվանդանոց: Ամենավտանգավոր շրջանների մեջ անգամ օգնության են հասնում: Երբ Նոր Գյուղը հրթիռակոծության ենթարկվեց, մարդիկ փուլ եկած շենքերի մեջ չէին իմանում` ինչ անել, ուր պետք է ուղղվել,  ով իրենց պետք է առաջնորդեր: Ակումբի տղաները բոլորին կարողացան համախմբել եկեղեցու սրահում, շտապ օգնության աշխատանքներ իրականացրեցին, վիրավորներին հիվանդանոց հասցրեցին, մխիթարեցին, ամեն կերպ օգտակար դարձան ժողովրդին, որպեսզի կարողանան ահազանգային այդ մի քանի օրն անցկացնել: Ակումբի տղաները հսկում են մեր կառույցները, անշուշտ, բախումների մեջ չեն մտնում, ինչպես և մեր  համայնքը: Նրանք հսկում են մեր կենտրոնները, եկեղեցիները, հայկական բնակարանները: Այն շրջանների մեջ, որտեղ վտանգը սաստկանում է և մարդիկ ստիպված մտածում են իրենց բնակարանները լքելու մասին, ակումբի տղաններն օգնում են, որպեսզի այդ մարդիկ մնան իրենց բնակարաններում: Նրանց պետքերն են ապահովում, սնունդ, դեղորայք են հասցնում և ժամանակի դժվարությունների համեմատ` օգնությունների ձևեր ստեղծում: Այդ բոլոր աշխատանքները կատարում են նվիրումով, առանց որևէ ակնկալության, երբեմն իրենց կյանքը վտանգելով:

– Հետաքրքիր է, Սիրիայում ապրողներն այսօր Հայաստանից, Սփյուռքից ի՞նչ են ակնկալում, ինչի՞ կարիք ունեն:

– Մեր հիմնական խնդիրն այսօր Սիրիայում մեր գոյությունը պահպանելն է, որպեսզի նվազագույն վնասներով դուրս գանք տագնապից: Իսկ սիրիական տագնապն այսօր միջազգային տարողություն է ստացել և ժողովրդավարության, ազատության շղարշի տակ Սիրիան միջազգային,  քաղաքական շահերի, բախումների թիրախ է դարձել: Մենք` որպես փոքրամասնություն, ամենաշատ տուժողներից ենք, որովհետև թվով քիչ ենք և անմիջական բախումների մեջ մասնակից չենք: Սիրիահայ համայնքն առաջին իսկ օրից իր ինքնուրույն ուղեգիծը ունեցավ, ժողովրդավարության, արդար հասարակարգի ջատագովներից մեկը եղավ և դեմ եղավ բռնարարքներին: Երբեք չներքաշվեց որևէ քաղաքական կողմի բռարարքների մեջ, ջատագովը հանդիսացավ Սիրիայի համակեցության, տարածքային ամբողջականության պահպանմանը և փորձեց լեզու գտնել նույնիսկ ընդդիմադիրների հետ: Գործակցության ձեռք մեկնեց բոլոր այն կողմերին, որոնք Սիրիայի ընդհանրական շահերի ջատագովներ են և այդ ծիրի մեջ են գործում:

Հիմա մեր գլխավոր խնդիրը մեր ապահովության, անվտանգության հարցն է: Եվ շնորհակալ լինելով հայրենի պետությանը, հայրենի, սփյուռքահայ բոլոր կառույցներին` նյութական և բարոյական զորակցության համար, որ մինչ օրս շարունակվում է, մեր փափագն է, որ  առաջիկա հանգրվանին այս ժամանակավոր լուծումներն ավելի լուրջ գործընթաց ստանան, այսինքն, հայ քաղաքական միտքն ուղղվի գտնելու ավելի լուրջ լուծումներ այս տագնապում: Սիրիահայ համայնքը աստիճանաբար նվազում է, նոսրանում է, մեր ցանկությունն է, որ դուրս եկողները կարողանան հաստատվել հայրենիքում: Հայրենադարձության հստակ ծրագրի մշակում է անհրաժեշտ, որը պետք է իրականանա հայրենի պետության, կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցական կենտրոնների համատեղ ջիգերով, գործնական ծրագրերով: Մենք այսօր կարիք ունենք գործնական ծրագրերի, որպեսզի փրկենք սիրիահայ համայնքից դուրս եկող մեծ թվով հայությանը:

– Տիկի´ն Զարմիկ, սեպտեմբերի 18-19-ը մեկնարկող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովն անդրադառնալու է նաև սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին:  Այս ուղղությամբ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը, հատկապես, որ Դուք նույնպես հրավիրված եք համաժողովին:

– Հավատում եմ, որ նման համաժողովները շատ օգտակար են, որովհետև այնտեղ հնչում են բոլոր կողմերի տեսակետները: Համաժողովին Սիրիայից բավականին մեծ թվով պատասխանատուներ, լրագրողներ են մասնակցելու, որոնք կարող են իրականությունն ավելի հստակ, առարկայական ձևով ներկայացնել և վեր հանել Սիրիայի համայնքի մտահոգությունները, պահաջները, վտանգի տարողությունը և լուծումների գծով առաջարկները: Հավատում եմ, որ այս ժողովը կարող է լավ առաջարկների, լուծումների հանգել, բայց կդառնա միայն ատաղձ: Եվ այս ատաղձն է, որ հետագայում պետք է օգտագործվի այնպիսի համաժողովների ժամանակ, որտեղ որոշումներ առնողները լիազորություն ունեն համայնքի ճակատագրի, հայրենադարձության ծրագրի մշակման մեջ որոշիչ դեր կատարելու: Այսինքն, այս համաժողովը ատաղձը պետք է հանդիսանա, որ ապագայում հայրենադարձության մշակման համար մենք հատուկ օրակարգով համաժողով իրականացնենք հայրենի պետության և Սփյուռքի կազմակերպությունների, կուսակցությունների, եկեղեցական կենտրոնների մասնակցությամբ, որպեսզի գործնական լուծումների հանգնենք: Մենք կարիքն ունենք վերջնական հայրենադարձության ծրագրի մշակման` համահայկական ջիգերով և գործնական արդյունքներով: Որպեսզի մարդիկ, Հայաստան գալով, ստիպված չլինեն չմտածելու Եվրոպա գաղթելու, այլ երկրներ գնալու մասին: Ընդհակառակը, փափագում ենք, որ այն սիրիահայերը, որոնք լքում են Սիրիան, գան կայք հաստատեն հայրենիքում: Կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ հավատան, որ հայրենիքն իրենց համար լավագույն կեցության վայրը կարող է դառնալ, որովհետև մեր երկիրն է, մեր հողն է: Սփյուռքի մեջ մենք վաղ թե ուշ ձուլվելու ենք:

– Եվ իմ վերջին հարցը. ի՞նչ է Ձեզ Հալեպում պահել:

– Նախ, իմ կապվածությունը համայնքի հետ, իմ ընտանիքի, հարազատների ներկայությունը: Ինձ Հալեպում է պահել իմ ստանձնած աշխատանքի պատասխանատվությունը, որովհետև ես այս աշխատանքը կատարելու պատասխանատվություն ունեմ: Եթե անգամ մեկ հայ մնա Սիրիայում, պարտավոր եմ մնալու, և ինձ պես պատասխանատվություն ստանձնող շատ անձնավորություններ: Պարտավոր ենք մեզ վստահված առաքելությունը կատարել` հակառակ բոլոր վտանգների:

Միակ ցանկությունս է, որ Սիրիայում, ինչպես նաև Հայաստանում, խաղաղություն լինի: Վերջին անգամ հայրենիք էի այցելել 1991 թվականին: Երբ մի քանի օր առաջ եկա, շատ դրական տպավորություններ ստացա: Այստեղ հաստատված սիրիահայերը, թեև նյութական դժվարություններ ունեն, շատ ավելի լավ պայմանների մեջ են ապրում: Հասկանում եմ բոլորի դժվարությունները. տագնապի մեջ են, ապագան չեն տեսնում, բայց ապահով են այստեղ: Հայրենիքը գիրկը բացեց և ընդունեց բոլորին, սիրիահայն էլ իր ներդրումը պետք է բերի: Ոչ թե միայն ակնկալությամբ գա հայրենիք և մտածի, որ ամեն ինչ պատրաստ, դյուրին պետք է լինի իր համար: Ո´չ, սիրիահայը աշխատասեր է, շնորհալի է, աշխատունակ ու կազմակերպված: Մենք ունենք արհեստավորներ, արվեստագետներ, մտավորականներ, գիտնականներ: Ու երբ նրանք այստեղ են հաստատվում, թող իրենց ներդրումը բերեն, համբերատար աշխատանքով, քայլ առ քայլ հայրենիքի մեջ կայք հաստատեն:

Փափագս է, որ խաղաղություն լինի Սիրիայում, որ մեր համայնքը կարողանա երբեմնի իր կենսունակությունը գտնել: Թեկուզ ավելի տկարացած, բայց վերականգնվելու ներուժը մենք ունենք…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up