Եղիկ Ճէրէճեան. «Կարևոր հարցերի շուրջ հայերը միասնական են…»

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում են մեկտեղվելու համահայկական կառույցների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, մշակույթի, կրթության գործիչներ, գործարարներ և հոգևոր դասի շուրջ 700 ներկայացուցիչ` ավելի քան 60 երկրից:

Համաժողովին ընդառաջ «Հայերն այսօրը» ներկայացնում է մասնակիցների տեսակետները: Այս անգամ իր կարծիքն է արտահայտել լիբանանահայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Եղիկ Ճէրէճեանը.

– Ես իրապաշտ եմ, հակառակ նրա, որ շատերը որոշ քննադատություն ունեն նմանօրինակ համաժողովների նկատմամբ, որովհետև ասում են, որ այս ձևաչափով քննարկումները հարցերի պատասխաններ չեն տալիս, հայ ժողովրդի, Հայաստանի առջև դրված հիմնահարցերը չեն լուծում: Ու հետևաբար առաջ է գալիս հուսախաբություն, երբեմն էլ քննադատություն:

Իմ կարծիքով նման պահանջներ դնելն ինքնին իրապաշտ չէ, այդ պատճառով ես չեմ հուսախաբվում: Ես իմ առջև չեմ դնում այն հարցը, որ այս խորհրդաժողովը Ղարաբաղի, Ցեղասպանության հարցը, Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների մեջ եղած դժվարությունները պետք է լուծի կամ Հայաստանի տնտեսական վիճակը պետք է միանգամից բարեկարգվի: Նման համաժողովները երբեմն որոշակի տոնական, փառատոնային ձև են ընդունում: Բանախոսները հաճախ ոչ հայտարարված մրցակցության մեջ են մտնում, թե ով ավելի շատ է Հայաստանը սիրում:

Նման երազանքով, նպատակով ես երբևէ չեմ մասնակցել և ոչ մի համաժողովի: Իմ մոտեցումները մի փոքր այլ են: Նախ գնահատելի է, որ մի քանի տարին մեկ Սփյուռքի տարբեր կառույցներ, քաղաքական, ոչ քաղաքական կազմակերպություններ հավաքվում են հայրենի երկնքի տակ, իրար կողքի և բարձրաձայն մտածում ընդհանրական հարցերի շուրջ: Սա ինքնին ոգևորիչ է, այսինքն, չլինելուց ավելի լավ է: Մեզ հետևողներ կան, մենք ունենք մեզ չսիրողներ՝ Թուրքիան, Ադրբեջանը և ուրիշներ, նրանք տեսնում են, որ կարևոր հարցերի շուրջ հայերը միասնական են, կարողանում են իրար կողքի գալ, հակառակ որ, ինչպես ուրիշ ժողովուրդներ, պետություններ, հայերն էլ ունեն իրենց ներքին բաժանումները, տարբեր տեսակետները:

Իրականում էլ, գործնական իմաստով, երբ մի ժողով, որը չունի գործադիր մարմին, բնական է, որ որոշումները համաժողովի ավարտից հետո մնում են օդի մեջ: Առաջանում է հարց, թե ով պետք է գործադրի, կենդանացնի այդ որոշումները: Սա է դժվար մասը:

Մի կարևոր հանգամանք ևս. ճիշտ է՝ համաժողովին մասնակցում են համահայկական բոլոր կառույցների ներկայացուցիչները, բայց մասնակիցների մեծ մասը կամ ընդհանուր մասնակիցներն իրար հետ համեմատվող չեն: Կան իրապես լուրջ մտավորականներ, կարևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նմանօրինակ աշխատանքի մեջ վաստակ ունեցող մարդիկ և կան ավելի նվազ կարողություներով կամ շատ սահմանափակ միության ներկայացուցիչներ:

Եթե մենք մեր առջև պետք է դնենք նպատակ՝ առնել լուրջ որոշումներ և գործադրել, ավելի լավ է նման համաժողովները լինեն շատ ավելի փոքր թվով, մեր առջև դնենք մեկ օրակարգ, և ոչ թե երկու օրվա մեջ քննարկենք քսանվեց օրակարգ: Անշուշտ, կարելի է պահել այս համաժողովրդական ձևը, բայց դրա կողքին կարելի է ստեղծել մեկ ուրիշ մարմին` ավելի ներկայացուցչական, ավելի փոքր կազմով, որը հավաքվելով կքննարկի մեկ հարց, կարտահայտի իր տեսակետն այդ մեկ հարցի շուրջ և այդ հարցի լուծման համար կտրվեն հանձնարարություններ գործադիր մարմիններին, որոնք պարտավոր կլինեն գործադրել:

Այս համաժողովն ինձ համար կարևոր է նաև այն առումով, որ նախօրեին` սեպտեմբերի 17-ին, կայանալու իմ «Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի շնորհանդեսը: Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի պատճառով Սփյուռքից, հեռավոր երկրներից Հայաստան պետք է գան շատ մարդիկ, որոնց մեջ են նաև իմ բարեկամները, ընկերները, իմ աշխատանքը գնահատողները: Բոլորի մեկտեղումը լավ առիթ էր, որ Հայաստանում կազմակերպվի գրքիս շնորհանդեսը: Եվ շատ ուրախացա, որ Սփյուռքի նախարարուհի Հրանուշ Հակոբյանն ընդունեց առաջարկը և շնորհանդեսը վերցրեց նախարարության հովանավորության տակ:

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Հ.Գ. Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա լիբանանահայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Եղիկ Ճէրէճեանի «Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի շնորհանդեսը:

Scroll Up