Թուրքիայի ԱԳՆ. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը դեմ է ժողովրդավարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն ուշադիր հետևել է Հունաստանի խորհրդարանի` սեպտեմբերի 9-ին ընդունած Ռասիզմի և այլատյացության համար պատիժ սահմանող օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացին` հունական իշխանություններին պարբերաբար հորդորելով գործել անհրաժեշտ ճշգրտությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիգլիչը` նշելով, որ այս համատեքստում կարևորում են խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստում Հունաստանի արդարադատության և մարդու իրավունքների նախարարի հայտարարությունը, թե օրենքը չի անդրադառնալու երկրի արտաքին քաղաքականության վրա և ոչ մի երկիր չի թիրախավորում, այդ թվում` Թուրքիան, նշվում է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, թե «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրենքը դեմ է «ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդավարության սկիզբ համարվող բազմակարծությանը»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ օրենքը կարող է խտրականության տեղիք տալ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության, ինչպես նաև Ռոդոս և Կոս կղզիներում բնակվող իրենց քաղաքացիների հանդեպ: Թուրքական կողմը մտահոգություն է հայտնում, որ Հունաստանում բնակվող թուրքերի նկատմամբ կարող է օրենքը խախտելու համար պատիժ սահմանվել:

20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

Մանրամասները՝  panarmenian.net կայքում:

Scroll Up