Նիդերլանդների Ալմելո քաղաքում քննարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող խնդիրներ

Սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ռադիոհարցազրույց-բանավեճ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով, որին մասնակցում էին Քրիստոնեական Միություն կուսակցության ( CU) քաղաքային խմբակցության նախագահ և քաղաքապետարանի խորհրդի անդամ Վաուտեր Տեեուվը և խորհրդի անդամ Միշել Վան Հեեկը:
Ներկա էին նաև ՀԱԵ վարչության նախագահ Օննիկ Գելիջին, կիրակնօրյա դպրոցի և հոմենտմենի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հոլանդացի հյուրեր:
Հակառակ կողմից ներկա էր քաղաքապետարանի թուրք ներկայացուցիչը:
Վաուտեր Տեեուվը համոզիչ կերպով ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման և իրականությունը հանրության լայն խավերին ներկայացնելու անհրաժեշտությունը: Չնայած հակառակ կողմի համառ դիմադրությանը և բողոքներին՝ համաձայնություն ձեռք բերվեց հոկտեմբերի 9-ին Քրիստոնեական Միություն կուսակցության կողմից «Հոգիների աճուրդը» գիրքը հոլանդերեն թարգմանությամբ և բազմաթիվ օրինակներով նվիրել Ալմելոյի քաղաքային գրադարանին, ինչն ընդունվեց ջերմ ծափողջույններով:
Մանուկ Մկրտչյան
Ալմելո