Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-166.jpg)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք` չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշել է սենատորը: Բանաձևի օգտին ելույթ են ունեցել նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:
2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին` սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը: Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն:
Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ` Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: