Օշականի «Սոխակները» շարունակում են հիացնել Մոսկվայի ունկնդրին
Օգոստոսի 2 -ին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացած միջազգային երաժշտական «Եկեք ընկերանանք» խորագիրը կրող փառատոնը բացեց Օշականի ս.Մ.Մաշտոց եկեղեցու հիասքանչ «Սոխակներ» երգչախումբը , որի ղեկավար և դիրիժորն է Առնո Բարխուդարյանը:
Երգչախումբը նախորդ օրը ելույթ էր ունեցել Մոսկվայի Կրեմլի պետական պատմության Թանգարանում՝ «Մշակութային կամուրջներ» երաժշտական երեկոյին:
Երգչախմբի այս օրերի ելույթները Հայաստանի զով սարերի, մեղմ, զովացուցիչ զեփյուռ էր 30 ջերմաստիճան շոգին դահլիճում նստած Մոսկվայի ունկնդրի սրտի համար, իսկ հայրենիքից հեռու սփյուռքահայի համար նաև հոգու կարոտը մեղմող այնպիսի հոգևոր, հարուստ սնունդ, ինչպիսիք են`Մ. Մաշտոց, Մ. Խորենացի, Գ. Նարեկացի, Ն. Շնորհալի, Ա. Լուսինյան, Կոմիտաս, Ն. Լաբրոնացի, Կ. Չալիկյան, Թ. Ալթունյան, Ա. Բաբաջանյան …
Օշականի ս. Մ. Մաշտոց եկեղեցու Երգչախումբն ստեղծվել է 2005 թ., դիրիժոր Առնո Բարխուդարյանի նախաձեռնությամբ:
Երգչախումբը բաղկացած է մասնագիտացված , համակրելի 12 երգչուհիներից:
Ծրագրի մեջ ընդգրկված են հայկական հոգևորական, ժողովրդական, ռուս ժողովրդական, դասական, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ: Իր
համերգային գործունեությունը երգչախումբն սկսել է 2010 թվականից:Այդ համերգային ելույթների և աշխարհագրական այցերի ցանկը բազմաթիվ է և բազմաբովանդակ, սկսած Սբ. Էջմիածին մայր եկեղեցուց մինչև Լեռնային Ղարաբաղ, Թբիլիսի, Դոնի-Ռոստով, Մոսկվա,…
Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոն-մրցույթների և բարձր, յուրօրինակ կատարողականության շնորհիվ արժանացել բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, դիպլոմների. 2013 թ. ապրիլի 16 -ին երաժիշտների և կատարողների միջազգային առաջին մրցույթ-փառատոնում «Սոխակներ» երգչախումբը գրավել է 1-ին տեղը: 2013 թ . Մոսկվայի պետական պատմության Թանգարանում «Մշակույթի կամուրջներ» ծրագրով Մարալ Յակշիեվայի, Գայանե Քեսոյանի և Կարո Չալիկյանի ստեղծագործությունների լավագույն կատարման համար արժանացել է պատվոգրի:
Նույն թվականի հունիսի 29 –ին, Մոսկվայի «Պյոտր և Պավել» տաճարում, «Երգչախմբերի ասամբլեան առաջնորդանիստում» միջազգային փառատոնում արժանացել է Դափնեկրի դիպլոմին…
Եկեք հպարտանանք և ցանկանանք մեր հայ «Սոխակներին» ստեղծագործական նորանոր հաջողություններ…
Ամալյա Իսայան , Մոսկվա
Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ