«Սփյուռք ամառային դպրոց-2014». «Իմ ընտանիքում ունեմ 2 տղա և 200 աղջիկ…». Շաքե Ավետյան

ԵՊՀ-ում շարունակվում են «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Այս տարի դասընթացներին բավականին ներկայացուցչական կազմով է մասնակցում թեհրանահայ համայնքը: Երևանում են Թեհրանի հայկական դպրոցներում դասավանդող 7 ուսուցիչ: Ուսուցիչներից մեկի` «Թունյան» տարրական ազգային դպրոցի տնօրեն Շաքե Ավետյանի հետ է զրուցել «Հայերն այսօրի» թղթակիցը, որը և ներկայացնում ենք ստորև.

– 17 տարի է` աշխատում եմ Թեհրանի «Թունյան» տարրական դպրոցում` որպես տնօրեն: Իրանում դպրոցները երկսեռ չեն, միասեռ են. «Թունյան» տարրական դպրոցում, որտեղ և աշխատում եմ,  սովորում են 6-11 տարեկան աղջիկներ:

«Թունյան» տարրական դպրոցը կառուցվել է 1957 թվականին: Շենքը բավականին հին էր: Երեք տարի առաջ դպրոցի նոր շենք կառուցվեց: Դպրոցն ունի 11 դասարան. աշակերտների թիվն այս ուսումնական տարում 200 էր:

Հայոց լեզվի դասաժամերի հատկացված է շաբաթական 8 դասաժամ: Մեր դպրոցում աշխատում է նաև պարսիկ տնօրեն, որը նշանակված է պետության կողմից: Աշխատում ենք միասին: Ունենք հայ ուսուցիչներ, ովքեր դասավանդում են հայերեն, կրոն, քերականություն, և պարսիկ ուսուցիչներ, ովքեր դասավանդում են պարսկերեն առարկաներ:

Կարծում եմ` տեղյակ եք իրանահայ գաղութին, մեր կյանքին: Բավականին աշխատող հիմնարկներ ունենք, ազգանվեր ժողվուրդ ենք (թող խոսքս եսասիրություն չթվա): Մեր դպրոցներում պարտադիր տոնվում են հայոց պետական և կրոնական տոները: Երեխաներն ամբողջությամբ լավածանոթ են այն ամենին, ինչը կապված է մեր հայրենիքին, մշակույթին և պատմությանը: Իհարկե, կցանկանայինք, որ հայերենին ավելի շատ դասաժամեր հատկացվեր, բայց 8 ժամը նշանակված է պետության կողմից:

– Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին շատ իրանահայեր են մեկնում Իրանից: Այդ փաստը որքանո՞վ է ազդել դպրոցի վրա:

– Ցավոք, վերջին տարիներին արտագաղթ շատ ենք ունեցել. Մեծ մասը մեկնում է ԱՄՆ, երբեմն` նաև Հայաստան: Պատճառը տնտեսական պայմաններն են, մարդիկ դժվարանում են ապրել:

Խոսելով միայն Թեհրանի դպրոցների մասին` ես կարող եմ նշել, որ տարեկան աշակերտների թվի 10 տոկոս նվազում է նկատվում: Եվ սա կապված չէ միայն արտագաղթի հետ: Մեզ մոտ ծննդաբերությունն է նվազել, ինչը ես դարձյալ կապում եմ տնտեսական սուղ պայմանների հետ:

Բարեբախտաբար, անցյալ տարի Թունյան դպրոցը աշակերտների թվի նվազում չի ունեցել: Այսօր «Թունյան» տարրական և «Նաիրի» տղաների տարրական դպրոցները միասին ամենաշատ աշակերտներ ունեցող դպրոցներն են Թեհրանում: Պատճառը նաև այն է, որ գտնվում են Թեհրանի ամենահայահոծ թաղամասում` Սասուն քաղաքամասում:

– Այն ուսուցիչները, որոնք հայերեն առարկաներ են դասավանդում, որտե՞ղ են կրթություն ստանում:

– Մանկավարժություն մասնագիտությունը դու սովորում ես պարսկական պետական և ոչ պետական համալսարաններում: Հետո, եթե ցանկանում ես, վարձվում ես որպես պաշտոնյա ուսուցիչ:

Հայոց լեզու դասավանդող ուսուցիչներն իրենց դիպլոմը ստանալուց հետո, այսինքն 12 տարի սովորելուց հետո, իրենց ցանկությամբ մասնակցում են հայրենագիտական դասընթացներին, որի տևողությունը երկու տարի է: Բավականին զարգացնում են իրենց գիտելիքներն ու կրթությունը հայերենի առումով, և հետո արդեն վարձվում են դպրոցներում:

Վերջին տարիներին, բարեբախտաբար, Թեհրանի համալսարանում ունենք հայոց լեզվի ամբիոն: Շատ ուսուցիչներ, աշխատանքին զուգահեռ, սովորում են այնտեղ: Ցավոք, դիմորդների թիվը շատ մեծ չէ, որովհետև այնտեղ ավարտելուց հետո կարող ես աշխատել միայն հայկական դպրոցում. այլ տեղ աշխատանքի ասպարեզ չկա: Հետաքրքիր է, որ ունենք նաև պարսիկ ուսանողներ, որոնք հայերեն են ուսանում:

– Տիկի´ն Շաքե, իրանահայ ուսուցիչների խմբում ես նաև տղամարդ ուսուցիչներ նկատեցի, որոնց պակասն այսօր ունեն նաև հայաստանյան դպրոցները: Հետաքրքիր է, Իրանում շա՞տ են տղամարդ ուսուցիչները:

– Մեր խմբի ուսուցիչներից երկուսը տղամարդ են, որոնք հայկական դպրոցներում են աշխատում. մեկը` որպես տնօրեն, մյուսը` ուսուցիչ: Գիտեք, բարեբախտաբար, ունենք տղամարդ ուսուցիչներ, որոնք աշխատում են հայկական դպրոցներում: Եթե ճիշտ եմ հիշում, Թեհրանի դպրոցներում ոնենք 8-10 տղամարդ ուսուցիչ: Բայց մի ցավոտ հարցի մասին եմ ուզում խոսել: Մեզ մոտ ուսուցչի աշխատավարձը շատ ցածր է: Եվ այն տղամարդը, որը ընտանիք է պահում, չի կարող բավարարվել միայն ուսուցչի աշխատանքով: Նա պետք է ցերեկն աշխատի դպրոցում, իսկ երեկոյան ունենա հավելյալ աշխատանք, որը նրան ֆինանսապես կապահովի:

– Հայաստանում դասընթացների առաջին անգա՞մ եք մասնակցում:

– Տարիներ առաջ Թեհրանում եմ մասնակցել, երբ վերապատրաստումները կազմակերպվում էին մեկ տարի Թեհրանում, մեկ տարի Հայաստանում: Իսկ Հայաստանում առաջին անգամ եմ մասնակցում: Մեր ուսուցիչներից երկուսը մասնակցել են դասընթացների, իսկ մյուսները` ոչ:

– Ի՞նչ ակնկալիքներ ունենք դասընթացներից:

– Երբ գալիս ես վերապատրաստման, արդեն բառն իսկ հուշում է, որ ավելին պետք է սովորես, քո իմացածին պետք է գումարես նոր գիտելիքներ և հարստացած վերադառնաս: Դեռ մի քանի օր ենք այստեղ և, բարեբախտաբար, նկատում եմ, որ մեր` իրանահայերիս հայոց լեզվի իմացության մակարդակը բավականին բարձր է: Ես հպարտությամբ եմ այս խոսքերն ասում, քանի որ այն ամենն ինչ ասվեց այս մի քանի օրերի ընթացքում` մենք արդեն գիտեինք: Տեսնենք, թե ապագայում ինչ կլինի. դեռ ժամանակ ունենք:

Սակայն անկախ ամեն ինչից, դասընթացները օգտակար են, որովհետև մտքերի փոխանակում կա այստեղ, մենք մյուս գաղութներից բաներ ենք լսում և դրանք համեմատում մեզ հետ: Ուզում եմ նաև շեշտել, որ տիկին Բաղումյանը, ով անցկացնում է դասընթացները, բավականին պատրաստված և գիտելիքների հարուստ պաշար ունեցող տիկին է: Այսօր նրան ասում էի, որ ես հպարտ եմ, որ շատ պատրաստված իրանահայ դասախոս ունեմ Հայատանում. նա Ջուղայից է:

– Իրանահայ համայնքը առանձնանում է Սփյուռքի համայնքերից: Հետաքրքիր է, ինչպի՞սի մթնոլորտում է ձևավորվում, դաստիարակվում իրանահայը:

– Բնականաբար, երեխան առաջին դաստիարակությունը ստանում է ընտանիքում: Բայց ես չեմ առանձնացնի հայ ընտանիքը, դպրոցը, եկեղեցին, միությունները. բոլորը աշխատում են համատեղ, միաժամանակ և զուգահեռ: Ես բախտ ունեմ լինելու Թեհրանի պատգամավորական ժողովի անդամ, որը մենք Օրեսնդիր ժողով ենք կոչում: Համայնքին վերաբերող բոլոր որոշումները կատարվում է այդ ժողովում: Եվ, բնականաբար, քաջածանոթ եմ համայնքի խնդիրներին:

Ես թեև շեշտեցի, որ մենք գիտելիքով բավականին բարձր ենք, բայց մենք դեռ բավարաված չենք մեզնով. պետք է ավելին անել: Երիտասարդության մոտ լեզուն մի քիչ աղավաղվում է, ու ես հիմա տեսնում եմ, որ այս խնդիրը միայն մեզ մոտ չէ, նման խնդիր կա նաև Հայաստանում: Փաստորեն, բոլորս ունենք միանման դժվարություններ:

Եվ նման պայմաններում դպրոցը ամենակարևոր հենասյուն  է համայնքի և երեխաների ձևավորման գործում: Կարևոր է նաև ընտանիքը, միությունները:

– Տիկի´ն Շաքե, ուսուցչի աշխատանքը հեշտ չէ: Հետաքրքիր է, ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը:

– Ես սիրում եմ երեխաներին և շատ գոհ եմ, որ այս աշխատանքն եմ ընտրել: Կասեմ ավելին` ես ապրում եմ իմ աշխատանքով. ոչ թե աշխատավարձով, այլ աշխատանքով: Ես սիրահարված եմ իմ աշխատանքին: Կարևոր է, որ երբ դպրոց եմ մտնում, ես ինձ տանն եմ զգում: Ու միշտ ասում եմ, որ ունեմ երկու տղա իմ ընտանիքում և 200 աղջիկ, ինչի համար շատ հպարտ եմ: Դժվար լինելով հանդերձ` շատ հետաքրքիր կյանք է և հրաշք աշխարհ: Իսկ երեխաների հետ ապրելով` մնում ես երիտասարդ:

– Շնորհակալությո´ւն Ձեզ, հետաքրքիր զրույցի համար, ցանկանում եմ, որ հավերժ երիտասարդ մնաք: Եթե ավելացնելու բան ունենք, ապա` խնդրեմ:

– Տարիներ առաջ երբեք չէինք կարող պատկերացնել, որ Իրան-Հայաստան հարաբերությունները կլինեն այսքան ջերմ: Միշտ ասում էինք` ազատ, անկախ հայրենիք չունենք: Փոքր տարիքում պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր կարող եմ Հայաստան գալ, շրջել իմ հայրենիքում: Իրանահայերս չափազանց ուրախ ենք, որ այսքան մոտ ենք մեր հայրենիքին և այսքան դյուրին է Հայաստանում լինելը, շփվելը, զգալ հայրենիքի հոտը, հողը:

Նրանք, որոնք անտեսելով մի շարք դժվարություններ մնում են Իրանում, հավատացած են, որ Իրանում մենք ունենք հին պատմություն, հզոր գաղութ ենք: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ մոտ ենք հայրենիքին և շնչում ենք մեր հայրենիքի քամին, մեր հայրենիքից եկած օդը: Այդ պատճառով էլ ես հավատացած եմ, որ մենք պետք է մնանք մեր հայրենիքի կողքին:

Մի բան հիշեցի. դպրոցում երբ պարսկուհին երեխաներին հարցնում է` որն է ձեր հայրենիքը, նրանք անմիջապես պատասխանում են` Հայաստանը, չեն ասում` Իրանը, որովհետև այն իրենց ծննդավայրն են համարում: Սա մեզ շատ է ուրախացնում. զգում ենք, որ մենք մեր առաքելությունը ճիշտ ենք կատարել և ճիշտ ենք ծառայում:

Իսկ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանն այս գեղեցիկ մտահղացման և դասընթացները կազմակերպելու համար: Վստահ եմ, որ ավելացնելով մեր գիտելքները` վերադառնալու ենք ու ծառայելու մեր ազգի բալիկներին:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up