Աննա Շմավոնյան. «Քուվեյթում մշակույթի ծարավ կա…»

«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում էր Քուվեյթի «Շաքե» պարախումբը: Գեղարվեստական ղեկավարը Աննա Շմավոնյանն է: Ծանոթության ընթացքում պարզեցինք, որ Աննան նաև Քուվեյթի ազգային վարժարանի ուսուցչուհի է: Եվ հենց այդտեղից էլ սկսվեց մեր զրույցը.
– 21 տարի է` ապրում եմ Հայաստանից դուրս: Բնակվել եմ նախ Սիրիայում, իսկ երբ ամուսինս` Մանուկ Մանուկյանը, աշխատանքի հրավեր ստացավ` տեղափոխվեցինք Քուվեյթ: Ամուսինս Քուվեյթի միակ հայկական դպրոցի տնօրենն է, իսկ ես հայերենի ուսուցչուհի եմ աշխատում:
– Կցանկանայի, որ մի փոքր վարժարանի մասին պատմեք:
– Քուվեյթի ազգային վարժարանը (նախակրթարան, միջնակարգ, ճեմարան բաժիններով) ունի 485 աշակերտ: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն: Կրթության մակարդակը շատ բարձր է, մեր աշակերտներն ուսանում են աշխարհի լավագույն ԲՈւՀ-երում:
Քուվեյթում մոտ 4 հազար հայ է ապրում: Երեխաները հիմնականում հայկական դպրոց են հաճախում, օտար վարժարաններ հաճախողների թիվը շատ քիչ է:
– Ինչպե՞ս է ստեղծվել «Շաքե» պարախումբը:
– Ես Հալեպում պարախումբ ունեի: Իսկ երբ տեղափոխվեցի Քուվեյթ, մտադիր չէի նորը ստեղծել: Բայց գիտեք, թե լուրերն ինչ արագ են տարածվում: Առաջարկեցին պարախումբ ստեղծել, ես էլ չկարողացա մերժել: Քուվեյթում մշակույթի ծարավ կա, չունեն այն կադրերը, ովքեր կարող են այն վեր բարձրացնել:
Պարախումբն արդեն 7 տարվա պատմություն ունի: Սկզբում շատ մեծ էր (մոտ 40 հոգի) և երկսեռ: Բայց հոսունության պատճառով հիմա միայն աղջիկներ են: Պարախմբի կազմը հաճախ է փոխվում: Մեր երիտասարդները նման են Քուվեյթի ավազներին: Շատերն են ուսանելու նպատակով մեկնում օտար երկրներ: Եվ ամեն տարի մենք մի քանի պարող ենք կորցնում: Ու այս տարի որոշեցինք միայն աղջիկներով պարապել:
Հույս ունեմ, որ եկող տարի պարախումբը նորից երկսեռ կլինի: Տղաները, ովքեր հեռացել են ուսանելու, արդեն վերադառնալու են:
– Պարախմբի անունն ինչպե՞ս է ծնվել:
– Պարախումբը պատկանում է Քուվեյթի ՀՕՄ-ի մեկուսի մասնաճյուղին: Մեր հիմնադիրը ՀՕՄ-ի ատենապետուհին էր, ով ինձ շատ քաջալերեց, աջակցեց: Սակայն մեր առաջին ելույթի ժամանակ նա մահացավ: Եվ մենք պարախումբը նրա պատվին կոչեցինք` Շաքե:
– Համերգներ հաճա՞խ եք ունենում:
– Այո, ամեն տարի հաշվետու համերգ ենք տալիս: Միշտ հանդես ենք գալիս շատ գեղեցիկ ծրագրով և պարտադիր նոր պարերով:
– Քուվեյթից դուրս առաջին անգա՞մ եք ելույթ ունենում:
– Այո, մեկ անգամ միայն Աբու Դաբիում ենք ելույթ ունեցել: Մեզ համար շատ հուզիչ էր Հայաստանում ելույթ ունենալը: Շատ էինք սպասում, մի փոքր վախենում էինք, անհանգիստ էինք, բայց ամեն ինչ շատ հաջող անցավ:
Փառատոնին տարբեր երկրներից պարախմբեր են մասնակցում: Քուվեյթում մենք այլ գաղութների հետ կապ չունենք և համեմատվելու առիթ չենք ունեցել: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդ առիթն ընծայվեց մեզ:
Իսկ փառատոնի մասին շատ պատահական ենք իմացել: Մեր պարուհիներից մեկի ընկերը, ով Ավստրալիայում է բնակվում, ասել էր, որ իրենց պարախումբն ամռանը Հայաստանում փառատոնի է մասնակցելու: Աղջիկներն այդ մտքից շատ էին ոգևորվել ու ցանկանում էին անպայման մասնակցել: Հետաքրքրվեցինք, դիմեցինք «Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպիչներին և շնորհակալ ենք, որ ընդառաջեցին: Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք մասնակցելու փառատոնին: Փորձը, նորությունները շատ կարևոր են պարախմբի համար:
– Այլ պարախմբերի հետ շփվելու հնարավորություն ունեցա՞ք:
– Որքան էլ զարմանալի հնչի, բայց չկարողացանք, որովհետև լեզվի խնդիր կար. մեծամասնությունը ռուսախոս էր: Երեխաներն ինձ ասում էին` դուք մեզ հորդորում եք, որ հայերեն խոսենք, բայց նայե´ք, բոլորը ռուսերեն են խոսում: Չգիտեի` ինչ պատասխանել: Արաբական երկրներում փորձում ենք մեր երեխաներին հայախոս պահել, իսկ Ռուսաստանում, Ուկրաինայում ապրողները շատ արագ կորցնում են լեզուն:
Իմ այս մտահոգությունը հայտնեցի վարպետության դասերի ժամանակ ու խնդրեցի, որ պարուսույցներն իրենց երեխաներին ոչ միայն պար սովորեցնեն, այլև հորդորեն, որ միմյանց հետ հայերեն խոսեն:
Իմ աղջիկների համար շատ հետաքրքիր էր իրենց հասակակիցների հետ ծանոթանալ, ընկերանալ, բայց հայախոս խմբերի հետ այնքան էլ չշփվեցին և մնացին իրենք իրենց հետ:
Այս մասին պետք է մտածել, շատ ցավալի էր տեսնել, որ մեր երեխաներն իրենց մայրենին մոռանում են:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը