Նրանք խոսում են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին…
Տասներկուամյա Կարեն Գրիգորյանը ՌԴ Տուապսե քաղաքի «Արենի» համույթից է: Շատ է ուրախացել, որ համերգային ելույթներով Հայաստանում է հանդես գալու: Ուրախության շարժառիթներից մեկն էլ այն է, որ ամառային արձակուրդների մի մասը հայրենիքում է անցկացնելու, քանի որ իրեն այստեղ լավ է զգում: Իր սովորած բոլոր պարերից Կարենը հատկապես «Քոչարի», «Սևան» պարերն է սիրում:
Երբ ելույթները վերջանան, նա մեկնելու է Տաթև, քանի որ շատ է լսել Տաթևի վանքի մասին, ուզում է անպայման տեսնել:
Իսկ Մարիամ Սարգսյանն արդեն չորս տարի է, ինչ Լիպեցկի «Կռունկ» անսամբլի պարուհիներից է: Այս անսամբլը տեղի հայկական դպրոցին կից է գործում: Մարիամը սկզբում մի փոքր դժվարությամբ է սովորել պարել, բայց հիմա արդեն հաղթահարել է դժվարությունները և սիրով է հաճախում դասընթացներին: «Շալախո», «Քոչարի» պարերը նրա համար յուրահատուկ տեղ ունեն. միշտ հաճույքով է պարում այդ պարերը: Մարիամը տեղեկացրեց, որ Լիպեցկի հայ համայքնը հաճախ է միջոցառումներ կազմակերպում, որի ժամանակ «Կռունկ» անսամբլը գեղեցիկ պարային կատարումներով իր մասնակցությունն է ունենում:
ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու հնարավորությունից ոգևորված Մարիամն ասում է՝ սա լավ առիթ է մյուս երկրների պարային խմբերի հետ շփվելու և փորձի փոխանակման տեսանկյունից:
Վերջում Մարիամն ասաց, որ Հայաստանում շատ լավ է զգում իրեն, չնայած ծանր գրաֆիկին՝ չի հասցրել հոգնել, ելույթներից հետո ընկերներով նույնիսկ գնացել են Հանրապետության հրապարակ, զբոսնել և այնտեղ ևս պարել են հայկական պարերը:
Արփինե Մովսիսյանը նույնպես ՌԴ Տուապսե քաղաքի «Արենի» համույթի ներկայացուցիչներից է: Արփինեն սկզբում չէր հասցնում համատեղել պարը դասերի հետ, սակայն շատ է սիրել հայկական պարերը, ուստի վճռականորեն որոշել է գնալ պարի դասընթացներին և մոտիկից ծանոթանալ մեր մշակույթին: Նա տեղեկացրեց, որ առողջ մթնոլորտ է տիրում իրենց համույթում, ընկերներով հասկանում են իրար, իսկ իրենց պարուսույցը հետևողականորեն պարապում է բոլորի հետ:
Աղջիկը շատ ուրախ է, որ Հայաստանում է գտնվում, շրջապատված է հայերով: Հասցրել է սիրել և բարձր գնահատել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Երբեք չի մոռանա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև Օշական գյուղում ունեցած ելույթը և «Գյուղի տատիկ» միջոցառմանը մասնակցելը: Ապագայում Արփինեն որոշել է բժշկուհի դառնալ, բայց խոստացել է պարին հավատարիմ մնալ:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը