Սոչիի հայկական համայնքի «Նաիրի» հայկական ժողովրդական պարի համույթը «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակից

Հունիսի 30-ին ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնության «Սոչի» օդանավակայանում   առանձնահատուկ աշխուժություն էր տիրում: Գիշերվա չվերթով Երևան մեկնեցին Սոչիի հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան»  համահայկական 2-րդ փառատոնի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են Սոչիի Գրիգոր Մազլումյանի անվան տարբեր ազգերի մշակույթների կենտրոնի «Նաիրի»  հայկական ժողովրդական պարի համույթը` գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Վարդան Պողոսյանի  գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության Սոչիի տարածաշրջանի նախագահի խորհրդատու Լևոն Կարապետյանը, երտասարդության հարցերով նախագահի տեղակալ Միհրան Զեյթունյանը, ՌՀՄ-ի Սոչիի տարածաշրջանի պաշտոնական կայքի ղեկավար Նաիրի Կունդակչյանը, հասարակական կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ… Երևանում Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչներին կմիանա պատվիրակության ղեկավարը` համայնքի նախագահ Հրաչ Մակեյանը:

    Պատմական հայրենիքի և Սփյուռքի միջև անքակտելի կապի պահպանումը Սոչիի հայկական համայնքի սրբազան պարտքն է: Սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, Համշախարհային հայկական կոնգրեսի  կողմից կազմակերպվող համահայկական միջոցառումներին առավելագույնս ու հավուր պատշաճի մասնակցելու համար համայնքի ղեկավարությունը միջոցներ չի խնայում: «Իմ Հայաստան»  համահայկական փառատոնը չէր կարող բացառություն կազմել: Կազմակերպության Խորհրդի հերթական նիստի ժամանակ օրակարգի հարցերից մեկը Մեծ Սոչիի տարածաշրջանում գործող հայկական մշակույթի ստեղծագործական կոլեկտիվներից լավագույնին Հայաստան ուղարկելու խնդրի լուծումն էր, որն անմիջապես դրական արձագանքի արժանացավ Խորհրդի բոլոր անդամների կողմից: Որոշվեց փառատոն ուղարկել մի շարք միջազգային մշակութային  փառատոների ու հեղինակավոր մրցույթների ոսկե շքանշանների դափնեկիր, առաջին կարգի, Գրան-պրի դիպլոմների, պատվոգրերի, գավաթների ու բազմաթիվ շնորհակալագրերի արժանացած «Նաիրի»  հայկական ժողովրդական պարի համույթը: Հայ պարարվեստի ջատագով խումբը իր անփոխարինելի գեղարվեստական ղեկավարի և պարուսույցի` Վարդան Պողոսյանի  առաջնորդությամբ, հյուրախաղերով ու աշխարհի լավագույն հայկական խմբերի հետ մրցելու նպատակով, շրջել է Եվրոպայի մի շարք երկրներում, ՌԴ տարբեր մարզերում, շրջաններում  ու քաղաքներում` ցուցաբերելով կատարողական արվեստի բացառիկ տաղանդ ու հմտություն, հայ բանահյուսության քաջ իմացություն, հայկական ժողովրդական պարին բնորոշ նրբությունների, շարժումների ու կոմպոզիցիաների ներդաշնակ համադրություն… Համույթն արդեն 15 տարի իր բովանդակալից ու անընդհատ փոփոխվող պարացանկով գեղագիտական հաճույք ու հիացմունք է պարգևում իր հանդիսատեսին ոչ միայն Սոչիի բեմահարթակներում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

    Վարդան Պողոսյանը  հանդիսատեսին միշտ հաճելի անակնկալներ է մատուցում հետաքրքիր նորամուծությունների ու հեղինակային միջամտությունների շնորհիվ: Պարարվեստի հմուտ վարպետի «ձեռքի տակ»  հայկական պարը վերածվում է կենդանի պատմության` խորը իմաստով, վառ պատկերներով ու գույների հարաշարժ խաղերով լեցուն: Նույն պարն ամեն անգամ ներկայացվում է կատարողական նոր մշակումով, երկարատև ու անընդմեջ պարապմունքների շնորհիվ թրծված, կատարելագործված ու հղկված շարժումների ճշգրտությամբ ու հստակությամբ… Պատահական չէ, որ Սոչիում կազմակերպվող բոլոր հեղինակավոր միջոցառումների, հանդիսությունների, փառատոների ու տարեդարձների մշտական մասնակիցն ու ֆավորիտն է «Նաիրի»  հայկական ժողովրդական պարի համույթը: Սոչիում գործող մյուս ազգերի համայնքները նույնպես սիրով հրավիրում են «Նաիրի»-ին իրենց ազգային միջոցառումներին մասնակցելու համար:

    Համույթի գեղարվեստական ղեկավարն ու տաղանդաշատ պարուսույցը դեռևս 17 տարերեկան հասակում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ` Սևանի շրջանի Լճաշեն գյուղում ստեղծելով իր առաջին պարի խումբը: Հաղթանակի հմայքը նա ճաշակել է վաղ հասակից` Սևանի մշակույթի պալատում կազմակերպված հանրապետական մրցույթին առաջին կարգի մրցանակը նվաճելու շնորհիվ: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի խորեոգրաֆիայի բաժինը`  Հայաստանի ժողովրդական արտիստ, պարարվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական անսամբլի գլխավոր գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Վանուշ Խանամիրյանի կուրսում: Արդեն 25 տարի Վարդան Պողոսյանը զբաղվում է սիրելի մասնագիտությամբ, որոնցից քսանը նա նվիրել է Սփյուռքի հայ մանուկներին կրթելու ու հայեցի դաստիարակելու ազգանվեր գործին: Մեծ հայրենասերն ու հայ արվեստի երկրպագուն չէր կարող անտարբեր մնալ Սոչիի հայկական համայնքում հայկական պարի խումբ բացելու գայթակղիչ առաջարկության հանդեպ: Հայրենիքից դուրս, օտար կամարների տակ, ստեղծելով իր անդրանիկ «Համշեն» համույթը և հասնելով զգալի արդյունքների, այլևս հնարավոր չէր կանգ առնել կարիերայի կես ճանապարհին: Շուտով բացվեցին նաև «Նաիրին» ու «Արմենիկը»: Շնորհիվ պարուսույցի ջանքերի և մասնագիտությանն ու սաներին անմնացորդ նվիրվածության, հայազգի երեխաները ամենայն հաճույքով ու էնտուզիազմով են հաճախում պարարվեստի ու խորեոգրաֆիայի դասերին: Արդյունքներն ակնհայտ են…

   «Մենք մեկնում ենք Երևան «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի գլխավոր մրցանակը նվաճելու ակնկալիքներով», – միաձայնում էին համույթի սաները: «Մենք հաճելի ակնկալներ ունենք փառատոնին ներկայացնելու, որոնցով կգրավենք թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի համակրանքը մեր անսամբլի նկատմամբ: Տրամադրված ենք մարտականորեն, մտադիր ենք վերադառնալ Սոչի դափնեկրի կարգավիճակով»:

   «Շատ ուժեղ խմբեր կան տարբեր երկրներից, սակայն «Նաիրին» չի զիջում նրանցից ոչ մեկին», – կիսեց իր մտքերը մեզ հետ նաև Վարդան Պողոսյանը: «Մենք խորապես երախտապարտ ենք Սոչիի հայկական համայնքի ղեկավարությանը, առանձնապես համայնքի նախագահ Հրաչ Մակեյանին, որ նրանք հովանավորեցին մեր մասնակցությունը նման մեծածավալ ու Սփյուռքի հայության համար անչափ կարևոր միջոցառմանը: Մեր համույթի առջև կարևոր խնդիր է ծառացած` արդարացնել Սոչիի հայկական համայնքի սպասումները  և ցույց տալ, որ հայկական արվեստի ու մշակույթի իսկական ջատագովները նրա կրողներն ու տարածողներն են ամբողջ աշխարհով մեկ: Խոստանում ենք մայր հայրենիքի համահայկական բեմահարթակում բարձր պահել Սոչիի հայերի պատիվն ու բարի անունը», – եզրափակեց իր խոսքը պարուսույցը:

   Սոչիի հայությունը, «Նաիրիի»  բազմաքանակ երկրպագուները  վստահ են նրա  ուժերին և սպասում են համույթի  վերադարձին`  միայն և միայն հաղթանակի դափնիներով պսակված…

Անահիտ Անտոնյան

ՌԴ, Սոչի

 unnamed (6) unnamed (7) unnamed (8)

Scroll Up