Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը մասնակցում էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Միաբանական համագումարի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի և Սփյուռքի թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբաններ ու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ:

Տոնի առիթով Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սրբազան արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ անդրադառնալով Ս. Էջմիածնի խորհրդին և նշանակությանը հայ մարդու կյանքում:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի շինություն և ի բարեզարդություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ըեղեկատվական գրասենյակ

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed

Scroll Up